Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը բնակարանային գողությունների մեջ մեղադրվող Ալեքսանդր Ցվերիանովին խոշտանգելու հարցով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, հայտնում է գրասենյակի կայքը։
Ավելի վաղ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտնել էր, որ Երևանի Էրեբունու բաժնի ոստիկանները խոշտանգումների օգնությամբ ստիպել են քաղաքացի Ալեքսանդր Ցվերիանովին խոստավանել իր մեղքը 16 բնակարանային գողությունների մեջ։ Ցվերիանովի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը նշել է, որ սա այն եզակի դեպքերից էր, երբ դատարանը ապացուցված է համարել խոշտանգման փաստը, սակայն ՀՔԾ-ն դատարանի վճիռը ստանալուց հետո էլ չի զբաղվել խոշտանգման փաստի քննությամբ:
Իրավապաշտպանները ՀՔԾ քննիչի՝ գործ չհարուցելու մասին որոշումը բողոքարկել են դատարանում։ Դատական նիստի ժամանակ Արթուր Սաքունցը նշել էր, որ ոչ թե բռնության ենթարկված անձը պետք է ապացուցի, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, այլ պետությունը պետք է համոզիչ փաստարկներ ներկայացնի, որ անձի նկատմամբ բռնություն չի գործադրվել:
Այնուամենայնիվ, դատարանը մերժել էր քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու բողոքը: