Home / Հայաստան / Առանց աշակերտների գյուղերի բնակիչները՝ խնդիրների մասին

Առանց աշակերտների գյուղերի բնակիչները՝ խնդիրների մասին

Հայաստանի որոշ շրջաններում դպրոցներում աշակերտներ գրեթե չեն մնացել: Ամենատխուր վիճակը Սյունիքի Մեղրիի շրջանում է, գրում է ecolur.org֊ը՝ ներկայացնելով Եվրոպական հարևանության և համագործակցության ծրագրի (ENPI EAST FLEG 2) աշխատանքային խմբի արդյունքները։

Խմբի անդամներն այցելել են Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերի անտառամերձ համայնքներ: Մեղրիի շրջանում` Լիճք գյուղի դպրոցում սովորում է ընդամենը 5 աշակերտ, հարևան Տաշտուն գյուղում մնացել է 3 աշակերտ: 2-ն արձակուրդ են մեկնել և եթե հանկարծ չվերադառնան, ապա կմնա մի աշակերտ` գյուղապետի տղան:

Ecolur.org-ը նշում է, որ աշխատանքային խմբի անդամները ցանկանում էին անտառի մասին խոսել գյուղերի բնակիչների հետ, սակայն ծանր պայմաններում ապրող գյուղացիներին անտառի, բնության հարցերը գրեթե չէին հետաքրքրում:

Կայքը ներկայացնում է հատվածներ բնակիչների հետ զրույցներից։

Գյուղ Լիճք. «…Գյուղը կորում է: Մենք խոսում ենք ոչ թե մեր, այլ գյուղի մասին: Այստեղ ոչ ոք չի ապրի: Մենք վերջիններն ենք: Դպրոցում 5 աշակերտ կա: Եւ ոչ ոք չի մտածում, որ այս հրաշալի վայրում, այս հրաշալի բնության մեջ գյուղ է մեռնում…Տեսեք, թե ինչ է արվում…Մենք կովեր ունենք, իսկ կաթը ընդունում են լիտրը 80 դրամով, ավելի էժան, քան` ջուրը: Ո՞վ կմնա… Հիմա ամառանոցային սեզոն է, իսկ մի քանի օր անց բոլորը կգնան, ուր նայես, դատարկ է: Հիմա ուզում են հանքավայր բացել (Լիճքի պղնձի հանքավայր, «Թաթսթոուն» ՍՊԸ), բայց մենք դեմ ենք….Իսկ մեզ մոտ բնակեցնում են Մեղրիի բնակիչների, ովքեր ասում են` մենք կողմ ենք… Ինչ կապ ունեն նրանք այստեղ, չգիտենք, բայց մեզ չեն լսում: Այնտեղ քաղաք է, իսկ մեզ մոտ` գյուղ: Նրանք ուզում են այստեղ աշխատատեղ ստանալ: …Նրանց խոստացել են, իսկ մենք նորից ջրի խնդիր կունենանք… Մենք նստած ենք գազատար խողովակի վրա, այն մեր գյուղի տակով է անցնում, իսկ մենք գազ չունենք, դրա համար էլ փայտ ենք վառում, տարեկան` 10 խմ: Ավելին ճարել դժվար է, քանի որ մենք «Արևիկ» ազգային պարկի հարևանությամբ ենք, որտեղ մեզ հասանելիք անվճար թափուկը չկա: Ազգային պարկում դա խստիվ արգելվում է…»:

Լիճք գյուղ

lichq

Լիճքի գյուղապետ Հովհաննես Միրզոյան. «Ես որպես գյուղապետ պաշտոնապես հայտարարում եմ, որ մինչ օրս չգիտեմ, թե որտեղ է այդ ազգային պարկի սահմանը և որտեղ է մեր գյուղի սահմանը: Խնդրել եմ քարտեզ, բայց չեմ ստացել: Եւ չգիտեմ, թե որտեղ են ավարտվում մեր իրավասությունները: Ես այդ ազգային պարկով հիացած չեմ, թեպետ հնարավոր է, ստորագրել եմ համաձայնագիր: Բայց դրանից հետո գյուղը ոչինչ չունի: Հիմա մեզ համար գլխավոր հարցը մեր իրավասություններն ու քարտեզագրումն է: Ինչ վերաբերում է անտառին, ապա գյուղում 43 տնտեսություն կա, որոնք օգտագործում են մինչև 10խմ վառելափայտ: Գյուղում միայն ծերերն են մնացել, նրանք քիչ են վառում: … Իհարկե, մենք ցանկանում ենք պահպանել բնությունն ու անտառը, բայց միայն ցանկանալը քիչ է: Ծրագրեր են պետք… Մենք պատրաստ ենք, թեպետ մարդկային ռեսուրսը մեզ մոտ խնդիր է»:…

Բնակիչներ. «Գուցե մեզ մոտ բնակեցնեն սիրիահայերի, մենք նրանց տուն կտանք, թող մեզ հետ ապրեն… նրանք կօգնեն մեզ վերակենդանացնել գյուղը»: Գյուղապետ․ «Ես համաձայն եմ»:

Գյուղ Տաշտուն. «…Մեր ուժը բավականացնում է միայն, որ 40 տնտեսություն պահպանենք…. Դպրոցում երեք աշակերտ կա: Ամռանը գյուղում ապրում է միակ աշակերտը` գյուղապետի տղան: .. Մենք 5 հա խնձորի այգի ունենք: Բայց ո՞վ է խնձոր ուտում, կամ ո՞վ է խնձոր գնում… Բերքի 99%-ը փչանում է: Այս տարի էլ է այդպես լինելու: Հավաքման կետ չկա: Ո՞վ կգնա 400 կմ խնձորի հետևից և ո՞վ բենզին կծախսի, որ տանի խնձորն այնտեղ, որտեղ այն կոպեկներ արժե. մեկ կիլոգրամն ընդունում են 40 դրամով: Մեզ մոտ աճում է խնձոր, տանձ, մեղր ունենք, չեն վաճառվում անգամ չրերը: Մենք հեռու ենք, և մեզ մոտ ամեն ինչ կորում է:…. Գազ չկա, փայտ ենք օգտագործում մինչև 20 խմ… Մենք համայնքային անտառ ունենք և 600 հա «Արևիկ» ազգային պարկի անտառը: Այդ անտառը մենք գործնականում չենք օգտագործում: 2 տարի առաջ բացվեց ոսկու կորզման ֆաբրիկա («Ատ մետալս» ընկերության): Ֆաբրիկան աշխատեց մեկ տարի, բայց փակվեց, քանի որ նրանց չինական տեխնոլոգիաները անհրաժեշտ քանակի ոսկի չեն կարողանում կորզել: Այժմ եկել են, ասում են` կփոխենք: Եվ մենք նորից համաձայնվեցինք: Ուրիշ ոչինչ չկա: Ոչ ոք ոչինչ չի առաջարկում»: