«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հանրաքվեի չեն կարող դրվել` մարդու և քաղաքացու իրավունքների իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող հարցերը:
Այս մասին երեկ տարածած հայտարարության մեջ գրում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ նշելով, որ ԱԺ-ի կողմից քվեարկության դրվելու համար ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պարունակում է մարդու իրավուքների սահմանափակումներ:
Մասնավորապես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդգծում է, որ նախագծով արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ մի քանի հոդվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել:
«Սահմանադրական փոփոխություններով այլևս չի ճանաչվում անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու սահմանադրական իրավունքը, այլ այն պետք է սահմանվի օրենքով, որը կարող է կրել կամայական ձևակերպում՝ սահմանափակելով այդ իրավունքի իրականացումը: Սահմանադրական փոփոխություններով սահմանափակվում է տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը: Սահմանադրական փոփոխություններով այլևս չի ճանաչվում աշխատանքի իրավունքը որպես սահմանադրական նորմ, քանի որ այն պետք է սահմանվի օրենքով»,- նշում է իրավապաշտպան կազմակերպությունը:
Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է, որ իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի կարող հանրաքվեի դրվել։
Մանրամասները՝ այստեղ