«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկում է տուգանք սահմանել այն հեռուստաընկերությունների նկատմամբ, որոնք հեռարձակվող գովազդների ժամանակ բարձրացնում են եթերի ձայնը։
Պատգամավորի կողմից մշակված օրենսդրական նախագիծը նման խախտման համար սահմանում է տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։
Պողոսյանը նշում է, որ միայն գովազդի ձայնը բարձրացնելով՝ հեռուստատեսությունը զրկում է հեռուստադիտողին ընտրության իրավունքից․ «Գիտականորեն հիմնավորված է, որ աղմուկի բարձր մակարդակը կարող է ազդել վեգետատիվ ֆունկցիաների, տարբեր օրգան֊համակարգերի վրա (սրտանոթային, ստամոքսաղիքային, հորմոնային): Հանկարծակի աղմուկը հանդիսանում է սթրես առաջացնող գործոններից մեկը»։
Այսօր ԱԺ֊ի Գիտության, կրթության մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ֊ական պատգամավոր Կարինե Աճեմյանը մտահոգություն է հայտնել, որ նշված տուգանքը չափազանց մեծ է։
«Մենք ոչ Բելգիա ենք, ոչ Հոլանդիա, որի օրինակները դուք բերում եք։ Մեր հեռուստատեսությունը կամ մեր գովազդատուները մեր թշնամիները չեն»,֊ ասել է Աճեմյանը։
Թևան Պողոսյանը նշել է, որ, բացի հեռուստատեսություններին տուգանքներով ճնշելու տարբերակից՝ կարելի է ձայնի բարձրացման հարցը լուծել ձայնի մակարդակը կարգավորող հեռուստատեսության աշտարակում սարքավորումներ տեղադրելով, ինչը, սակայն, կարժենա 300.000 եվրո։ Պողոսյանի խոսքով՝ Կապի և Տրանսպորտի նախարարությունը նման գումարներ չունի։