Home / Հայաստան / ԴԱՀԿ֊ն արգելանքի հարցում սխալվում է տեխնիկական պատճառներով, պնդում է նախարարը

ԴԱՀԿ֊ն արգելանքի հարցում սխալվում է տեխնիկական պատճառներով, պնդում է նախարարը

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) որոշ դեպքերում կալանք է դրել քաղաքացիների հաշիվների վրա ամբողջությամբ, սակայն դա տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով։ Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Հարցն ԱԺ֊ում բարձրացրել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը․ «Ի՞նչ անեն այն մարդիկ, որոնց գլխին այս համակարգը պատուհաս է դարձել։ Ինչքան կարելի է օրը անցկացնել ԴԱՀԿ֊ից բանկ, բանկից ԴԱՀԿ գնալով, համոզելով, որ իրավունքները պաշտպանվեն»,֊ ասել է Ուրիխանյանը։ 

Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգը ներդրվել է քաղաքացիների գործը հեշտացնելու համար և ավտոմատ է գործում։

«Այդ համակարգը թույլ չի տալիս ամբողջությամբ արգելադրում։ Որոշ բանկերում տեխնիկական պատճառներով տեղի է ունեցել ամբողջական արգելադրում։ Սուբյեկտիվիզմի կամ ուշացման խնդիր չկա։ Մենք աշխատանքներ ենք տանում համակարգի վրա։ Օրինակ, անգամ երբ լինում է արգելանքը հանելու որոշում, մի քանի օր տևում է, որ այն իրագործվի։ Մենք աշխատում ենք՝ դա էլ ավտոմատացվի։ Երկրորդ՝ առաջարկելու ենք վարչական իրավախախտումների համար տուգանքը փոխարինել նախազգուշացմամբ»,֊ ասել է Հովհաննիսյանը։