հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հանձնաժողովը վճռել է՝ Վոլոդյա Ավետիսյանը վաղաժամկետ ազատ չի արձակվի

Հանձնաժողովը վճռել է՝ Վոլոդյա Ավետիսյանը վաղաժամկետ ազատ չի արձակվի

Վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը մերժել է 6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմումը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։

Նա նշել է, որ այսօր Ավետիսյանին կտեղեկացնեն հանձնաժողովի որոշման մասին։

«Ազատությունը» նշում է, որ մոտ մեկ շաբաթ առաջ Վոլոդյա Ավետիսյանը բանտից ընկերներին տեղեկացրել էր, որ անկախ հանձնաժողովի մի քանի անդամներ այցելել են իրեն, հարցեր ուղղել և հայտնել, որ հոկտեմբերի 25-ին դատական նիստ է հրավիրվելու:

Մոտ հինգ օր էր Վոլոդյա Ավետիսյանն ու նրա ընտանիքը փորձում էին ստանալ հանձնաժողովի որոշումը։ Հանձնաժողովն արդեն երկրորդ անգամ է մերժում ազատամարտիկին վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմումը՝ կրկին առանց պատճառները նշելու։

Նշենք, որ Ավետիսյանը մեղավոր էր ճանաչվել խարդախության և խարդախության փորձի մեջ։ Դատարանն ապացուցված էր համարել, որ գնդապետը 2000 դոլար է վերցրել Հենրիխ Զաքարյանից՝ նրա թոռանը ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդու զորամասը փոխելու համար։ Ավետիսյանը դատավարության ողջ ընթացքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ նա բազմիցս ասել է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։ Դատական նիստերից մեկի ընթացքում Ավետիսյանն ասել էր, որ ազամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու պահանջով ակցիաների մեկնարկից հետո իրեն զգուշացրել էին, որ «գլխին կսարքեն»։ Ավետիսյանի հարցը Ազգային ժողովում բարձրացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Հարց ուղղելով Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ 2013-ի մայիսից ազատամարտիկներն իրենց իրավունքների համար պայքար են սկսել, և Վոլոդյա Ավետիսյանը խնդիրները բարձրաձայնել է Օհանյանի հետ հանդիպման ժամանակ, որից հետո նրան ձերբակալել են խարդախության մեղադրանքով։ Հետագայում ԱԺ-ն համաներում է հայտարարել, սակայն Ավետիսյանի հոդվածին ևս մի դրվագ է ավելացվել և նա համաներմամբ չի ազատվել, ինչը, ըստ Փաշինյանի, հիմք է տալիս կարծել, թե ազատամարտիկի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Օհանյանն իր պատասխանում ասել է, որ ինքը Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ է ձեռք բերել առ այն, որ ինքը ճշտումներ կկատարի «հանրապետության ղեկավարության մոտ», բայց Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը՝ չսպասելով իր ճշտումներին և շարունակելով բողոքի ակցիաները։

«Արդյունքում նրանք նորից շարունակել են իրենց գործընթացը։ Ինչևէ, որևէ քաղաքական հետապնդում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ չկա», – հայտարարել էր Օհանյանը։