2014 թվականի հուլիսի 13-ին ծեծի ենթարկվելուց մեկ օր անց մահացած ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Սուրմալու» գումարտակի անդամ Վարդան Թումանյանի գործով մեղադրող դատախազը փոխվել է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Թումանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մուրադյանը։ Դատախազի փոփոխության մասին Մուրադյանին հայտնել են դատարանից՝ զգուշացնելով, որ հերթական նիստը պետք է հետաձգվի նոր դատախազ ներգրավելու համար։
Տիգրան Մուրադյանը վերջին նիստին բացարկ էր հայտնել դատախազ Յուրի Աղալյանին՝ հայտարարելով, որ նա ստանձնել է մեղադրյալներ Սարգիս Ղուկասյանի, Վիկտոր Հովսեփյանի և Ջունգլ մականունով հայտնի Գևորգ Սարգսյանի պաշտպանի դերը։ Մուրադյանը բացարկ է հայտնել այն բանից հետո, երբ դատախազ Աղալյանը հայտարարել է, որ գործում առկա երկու դատաբժշկական փորձաքննություններն իրար չեն հակասում, ինչպես պնդում է սպանվածի իրավահաջորդի կողմը, այլ լրացնում են միմյանց։
«Այդ հայտարարությունն ակնհայտորեն անհիմն է, քանի որ, առաջին փորձաքննության համաձայն, Թումանյանի մահն անմիջական կապ ունի նրան ծեծի ենթարկելու հետ, իսկ երկրորդի համաձայն՝ Թումանյանը մահացել է, քանի որ ուներ ի ծնե արատ: Դատախազի հայտարարությունը վկայում է նրա սուբյեկտիվության, ամբաստանյալների պաշտպանի դերը ստանձնելու մասին», – ասել էր փաստաբան Մուրադյանը:
Դատավոր Դավիթ Հարությունյանը մերժել էր դատախազի բացարկը՝ պատճառաբանելով, որ քննության այս փուլում բավականաչափ փաստեր չկան նրա կողմնակալությունն ապացուցելու համար։ Թե ինչ պատճառով է դատախազ Ալաղյանը գործը մեկ այլ դատախազի հանձնել, փաստաբան Մուրադյանը դեռ չգիտի։
Ինչ վերաբերում է տուժող կողմին կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությանը, դատարանը որոշել է, որ դրան կանդրադառնա հետագայում։
Ավելի վաղ Epress.am֊ի հետ զրույցում մահացած Վարդան Թումանյանի այրին՝ Տանյա Մելքումյանը, ասել էր, որ ամբաստանյալներն իր ամուսնուն դաժան ծեծի են ենթարկել իր և իր դստեր աչքի առաջ։