Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության հանձնաժողովը Հայաստանի կառավարությունից կոնվենցիայի դրույթներին հետևելու վերաբերյալ զեկույց է ակնկալում մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 31-ը: 2008թ-ից սկսած՝ մի շարք հասարակական կազմակերպություններ Հանձնաժողով են ներկայացրել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի արդյունքում տեղի բնակիչների իրավունքների խախտմանը և Դալմայի այգիների սեփականատերերի իրավունքների խախտմանը վերաբերող բողոքներ:
Դեռևս 2014թ. դեկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարութունը Հանձնաժողով էր ներկայացրել զեկույց՝ Կոնվենցիայի կողմից իր պարտավորություններն իրականացնելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի վերաբերյալ: Սակայն Հանձնաժողովը, ուսումնասիրելով զեկույցը, 2015թ. հոկտեմբերին հրապարակել է իր դիտարկումները, որոնցով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանն ապացույցներ ներկայացնել, որ վերջինս օրենսդրական, վարչական և գործնական քայլեր է ձեռնարկել, որպեսզի ապահովվի որոշումների կայացման ժամանակ հանրության նախապես տեղեկացված լինելը, ինչպես նաև ողջամիտ ժամկետներ է սահմանել հասարակության հետ խորհրդակցելու և վերջինիս կողմից նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար:
Հանձնաժողովը պահանջել է նաև ապացույցներ ներկայացնել, որ հստակ սահմանված են հանրության մասնակցության ապահովման գործընթացում տարբեր կողմերի, այդ թվում՝ պետական մարմինների և տեղական իշխանութունների պարտավորությունները, առկա է բնապահպանական փորձաքննության եզրակացությունների մասին հանրությանը անմիջապես ծանուցելու համակարգը: Հայկական կողմից նաև պահանջել են ապացույցներ ներկայացնել դատական համակարգում իրականացրած քայլերի վերաբերյալ, մասնավորապես, ներքին օրենսդրությունը Կոնվենցիային համապատասխան կիրառելու մասին:
Հաջորդ նիստի ժամանակ Հանձնաժողովը, հաշվի առնելով Կոնվենցիայի պահանջներին կողմի չհամապատասխանելու պատճառները և հաճախականութունը, կարող է ձեռնարկել հետևյալ քայլերը․
ա. խորհրդատվություն տրամադրել Հայաստանի կառավարությանը և աջակցել կոնվենցիայի իրագործմանը,
բ. պահանջել Հայաստանի կառավարությունից գործողությունների ժամանակացույց ներկայացնել,
գ. հանրության կողմից հնչած մտահոգությունների դեպքում խորհրդատվություն տրամադրել Հայաստանի կառավարությանը բավարարելու այդ մտահոգությունները,
դ․ Հանձնաժողովի պահանջներին չհամապատասխանելու արձանագրություն հրապարակել,
ե. ընդհատել կողմին ընձեռած հատուկ իրավունքները և արտոնությունները և այլն:
Ակնկալել, որ Հայաստանին ընդհանրապես կզրկեն Կոնվենցիային անդամությունից, սակայն, ըստ իրավաբան Արթուր Գրիգորյանի, այնքան էլ հավանական չէ, քանի որ կոնվենցիոնալ մարմինները որպես կանոն ցանկանում են շարունակել անդամ պետությունների հետ համագործակցությունը: Բայց Հայաստանին, այնուամենայնիվ, Հանձաժողովի պահանջներին չհամապատասխանելու համար կարող են զրկել որոշակի իրավունքներից և արտոնություններից: