Վերջին տարիներին ԱՄՆ-ի առջև ծառացած մարտահրավերները՝ ռուսական ագրեսիան Ուկրաինայում, պայքարն «Իսլամական պետության» դեմ և սիրիական քաղաքացիական պատերազմը, առավել ամրապնդել են այդ արժեքների հանդեպ երկրի նվիրվածությունը: Այս մասին այսօր Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի առաջ հնչեցրած իր ելույթում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մարտահրավերներին:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պահին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև կան քաղաքական սուր տարաձայնություններ, մասնավորապես՝ Ուկրաինայի ու Սիրիայի հարցերով: Սակայն այլ հարցերում մենք փնտրել ու գտել ենք համագործակցության ընդհանուր եզրեր, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի հարցում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև կա անվստահություն, ու հաճախ Հայաստանում ինձ հարցնում են, թե ինչպես է դա անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների մասով մեր մոտեցումների վրա: Թույլ տվեք ասել, որ մենք հասկանում ենք, որ աշխարհագրական դիրքից ելնելով և պատմականորեն Հայաստանում ռուսական ներկայությունը նշանակալի է, և որ դուք ամուր պատմական կապեր ունեք: Ես կարծում եմ և հավատացած եմ, որ շատ հայեր նույնպես կարծում են, որ հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չպետք է բացառեն ու չեն բացառում Հայաստանի ամուր ու փոխշահավետ հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրամիության, և այլ հնարավոր գործընկերների, ինչպես նաև այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ ՆԱՏՕ-ն և Եվրախորհուրդը: Այս հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում: Մեկի հաղթանակը դեռևս պատրություն չէ մյուսի համար», – ասել է դեսպանը:
Նա ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ և դա արել վերջին երկու տասնմյակի ընթացքում, սակայն այդ համագործակցությունը չի կարող շարունակվել, եթե Ռուսաստանն անարգում է միջազգային համակարգի նորմերը, պատառներ է պոկում հարևան երկրի տարածքից ու սպառնում է նրանց տնտեսական ու քաղաքական հպատակեցմամբ:
«Ռուսաստանի համար հետդարձի ճանապարհը, մեզ բոլորիս հետ լավ հարաբերությունների ճանապարհը, շատ պարզ է. հենց այն պահին, երբ Ռուսաստանը թույլ տա, որ Ուկրաինան վերահսկի միջազգային սահմանի իր հատվածը և դադարեցնի հակամարտության սնուցումը, իրավիճակը կբարելավվի: Կդադարի զենք-զինամթերքի ու մարտնչողների հոսքը: Պատանդները տուն կվերադառնան: Պատժամիջոցները կսկսվել հանվել», – նշել է Միլսը:
Ելույթի ընթացքում դեսպանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի կողմից ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում «իր ազդեցիկ ու ընդլայնվող մասնակցության» կապակցությամբ:
Հայաստանն անդամակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին 1994թ.-ից, Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններում իր մասնակցության համար արժանացել է ՆԱՏՕ-ի ղեկավարության բարձր գնահատականին, իսկ վերջերս Հայաստանը հրապարակավ վերահաստատեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մինչև վերջ մասնակցելու իր պատրաստակամության մասին: Ողջունում ենք նաև Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կազմում Լիբանանում ու հնարավոր ներկայությունը Մալիում», – ասել է Ռիչարդ Միլսը: