Փետրվարի 18-ին «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի և նրա գործընկերների դեմ հարուցված քրեական գործով ամիսներ շարունակ դատավարության գործողություններ չեն իրականացվում, սակայն գործը չի կարճվում։ Այս մասին ասված է «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատ» նախաձեռնության հայտարարության մեջ։ Նախաձեռնությունը, որը ստեղծվել է պայքարելու սահմանադրական փոփոխությունների դեմ, վստահ է՝ գործը պահվում է, որպեսզի դրա միջոցով հնարավոր լինի ճնշել, սահմանափակել ու խոչընդոտել Սեֆիլյանի և ընկերների քաղաքական և քարոզչական գործունեությունը։ Հիշեցնենք, որ Սեֆիլյանի և ընկերների դեմ քրեական գործ էր հարուցվել 35-225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (զանգվածային անկարգություններ նախապատրաստելը)։
«Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը» հայտարարում է, որ վարչախմբի պատվերով հարուցված քրեական գործը չկարճելը և դրա միջոցով հանրաքվեին ընդառաջ ստեղծված «Ընդդիմության միասնական շտաբի»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդման սաստկացումը ոչ միայն հանրաքվեի քարոզչության ամենակարևոր և թեժ շրջանում Ճակատի քաղաքական ու քարոզչական գործունեությունը խոչընդոտող և սահմանափակող ապօրինություն է, այլև արդեն միջազգային հանրության համար է տեսանելի դարձնում սահմանադրական փոփոխությունների և դրա հանրաքվեի գործընթացի լեգիտիմ չլինելու հանգամանքը:
Սեֆիլյանի գլխավորած «Հիմնադիր խորհրդարան» շարժումը նախաձեռնել էր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը, որի նպատակն էր ազատվել Սերժ Սարգսյանի ռեժիմից Հայոց Ցեղասպանության 100֊ամյակի օրը՝ ապրիլի 24-ին։ Սեֆիլյանն ու ընկերները բերման էին ենթարկել ապրիլի 7-ին և ազատ արձակվել ապրիլ 24-յան պաշտոնական միջոցառումների ավարտից հետո՝ մայիսի 24-ին։