Այսօր Ազգային ժողովը մերժել է լիագումար նիստի օրակարգ մտցնել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած երկու օրինագծերը։ Մարուքյանի նախաձեռնություններից մեկը վերաբերում է վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելուն․ պատգամավորն առաջարկում էր վերացնել սեփականությունից զրկելու արտադատական կարգը, որն առկա է գործող օրենքում և թույլ է տալիս առանց դատարանի որոշման քաղաքացիներին զրկել սեփականությունից։
Օրենքի ներկա խմբագրությամբ վարչական մարմինն առանց դատարան դիմելու կարող է տուգանք բռնագանձել քաղաքացուց, իսկ քաղաքացին այդ պարագայում կարող է վիճարկել որոշումը դատարանում։
Մարուքյանի կարծիքով՝ այս կերպ խախտվում է քաղաքացու «լսված լինելու իրավունքը», քանի որ քաղաքացին ստիպված է լինում հայցադիմում գրել, փաստաբան վարձել, ինչն ավելի թանկ է, քան վարչական տուգանքը մուծելը։ Այսինքն՝ առանց դատարանի քաղաքացու սեփականության վրա կարող է արգելանք դրվել։ Գործող օրենքով վարչական մարմինը պարտավոր է դիմել դատարան միայն 200.000 դրամի շեմը գերազանցող իրավախախտումների դեպքում, ինչը, պատգամավորի կարծիքով, խտրական մոտեցում է, հատկապես եթե հաշվի առնենք, որ վարչական ակտերի 95 տոկոսից ավելին չեն գերազանցում այդ շեմը։
Մարուքյանի առաջարկած օրինագիծը մերժվել է 49՝ կողմ, 51՝ դեմ ձայների հարաբերակցությամբ։ Օրենքի նախագծին դեմ են եղել հիմնականում իշխող ՀՀԿ֊ի պատգամավորները։
Պատգամավորը դժգոհել է՝ նշելով, որ ԱԺ֊ն փաստորեն միայն Կառավարության բերած օրինագծերն է օրակարգ մտցնում ու քննարկում։
«Ես ուզում եմ ուղղակի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ մենք, փաստորեն, Կառավարության օրինագծերն ընդունող Ազգային ժողով ենք, պատգամավորական սոլիդարություն գոյություն չունի։ Պատգամավորների ներկայացրած օրինագծերը քննարկման առարկա չեն դառնում, անգամ լիագումար նիստ չեն մտնում։ Սահմանադրական մեր իրավունքներից է նաև օրինագծեր ներկայացնելը, և դրանք պետք է քննարկվեն, սակայն չեն քննարկվում»,֊ ասել է Մարուքյանը։