2016 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է մտնում կառավարության մի որոշում, որը կարող է հանգեցնել նոր զանգվածային բողոքների, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Խոսքը ՀԴՄ կտրոնի վրա ամբողջ ապրանքացանկը տպագրելու պարտադիր պահանջի մասին է:
Թերթը նշում է, որ փոքր բիզնեսի հազարավոր ներկայացուցիչներ օբյեկտիվորեն պատրաստ չեն այս որոշումը իրագործել:
Երեկ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» դիմել էր ՀՀ վարչապետին՝ կասեցնելու այդ որոշումը փոքր բիզնեսի համար: ՀԿ-ի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը թերթի թղթակցի հետ զրույցում մանրամասնել է կասեցնելու հիմնավորումները․ «Եթե այս որոշումը չկասեցվի, ապա դա հարկային տեսուչներին նոր հնարավորություններ կտա, որ գան փոքր բիզնեսից «իրենց թիվը» վերցնեն ու գնան»: