Home / Հայաստան / ԱԺ֊ում ոչ մեկին չի հետաքրքրում ժողովրդի շահը․ պատգամավոր

ԱԺ֊ում ոչ մեկին չի հետաքրքրում ժողովրդի շահը․ պատգամավոր

Ազգային ժողովում ոչ մեկին չի հետաքրքրում ժողովրդի շահը։ Այս մասին այսօր  ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով դահլիճում տիրող իրավիճակին։

«Ո՛չ ելույթի ցանկություն ունեցողներ կան, ո՛չ բանավիճելու։ Մեկ ցանկություն միայն կա․  ձևական մասնակցություն ունենալ, արագ սպառել այս օրակարգը ​և ամեն մեկը զբաղվի իր առօրյայով, իր կենցաղով։ Ոչ մեկին չի զբաղեցնում ժողովրդի շահը», – ասել է պատգամավորը։ 

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Փոստանջյանի ելույթից հետո հակադարձել է ընդդիմադիր պատգամավորին՝ ասելով, որ չի կարելի «այստեղ պատգամավորներին քննադատել»։ 

Նա պնդել է,  որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում բոլոր պատգամավորներն օրեր շարունակ քրտնաջան աշխատել են, մինչդեռ Փոստանջյանը «Նոր Հայաստանի» (Սահմանադրության նախագծի ընդունման դեմ պայքարող շարժում ֊ խմբ․) հետ շրջել է մարզերով։ 

«Մնայիք դահլիճում,  պատգամավորների հետ համատեղ աշխատեիք։ Դուք ձանձրացնում եք ոչ միայն մեզ, այլ նաև նրանց,  ովքեր Ձեզ տեսնում են։ Ես Ձեզ կհորդորեմ էլ միտինգ չանեք, որովհետև էստեղ Ձեր ելույթը ավելի շատ մարդ լսեց, քան Օպերայի հրապարակում Ձեր միտինգների ժամանակ»,- ասել է Շարմազանովը։