հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Սպանված կուրսանտի հայրը պնդում է՝ որդու ևս մեկ ծառակայից պետք է ձերբակալված լիներ

Սպանված կուրսանտի հայրը պնդում է՝ որդու ևս մեկ ծառակայից պետք է ձերբակալված լիներ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով 6-րդ դատական նիստն այսօր հետաձգվել է այդ գործին առնչվող մեկ այլ գործով անցնող ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի բացակայության պատճառով: Ներկայում վերջինս  ծառայում է Տավուշի մարզի զորամասերից մեկում, և նրան Երևան այսօր չէին բերել։

«Հենց հիմի պիտի Վարազդատ Սաֆարյանն էլ ձերբակալված լիներ», – դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը (լուսանկարում):

Նրա խոսքով՝  Սաֆարյանը ոչ միայն մասնակից է եղել իր որդուն ծեծի ենթարկելու դրվագին, այլև նրան սպանության մասնակից կարելի է համարել։ Մինչդեռ քննության վարկածի համաձայն, Սաֆարյանը տարբեր պատճառներով ծեծի է ենթարկել ռազմական ինստիտուտի այլ կուրսանտների, որոնցից մեկին ծեծել է Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Վաչե Սահակյանի և  Մովսես Ազարյանի հետ։

«Հայկազի սպանությունից հետո, երբ շորերն են հագցրել (Հայկազ Բարսեղյանին -խմբ.), Մովսես Ազարյանն ասում ա՝ տղե՛րք, շուտ արեք, Վարազդատը մեզ ներքևում սպասում ա: Եթե ինքը ներքևում սպասում ա, երևի ինքն էլ հենց օգնել ա, որ տանեն Հայկազին, կախեն պտտաձողից։ Միգուցե լավ հարազատներ ունի [Վարազդատ Սաֆարյանը], որ չեն ձերբակալել», – եզրակացրել է Բարսեղյանը:

Երբ դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարել է նիստը հետաձգելու մասին, Արկադի Բարսեղյանը դիմել է նրան՝ խնդրելով կարգի հրավիրել մեղադրյալներից մեկին՝ Գնել Թևոսյանին՝ վերջինիս պահվածքը համարելով վիրավորական։

«Հելնելուց ու մտնելուց ցինիկ  ժպիտը դեմքին աչքով ա անում տնեցիներին», – ասել է Բարսեղյանը:

Նշենք, որ Գնել Թևոսյանի հայրը՝ ռազմական ինստիտուտի պետի սպառազինությունների գծով նախկին տեղակալ Զարմիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մարկոսյանը որդու՝ Գնել Թևոսյանի՝ ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով զբաղվել է որդու հովանավորչությամբ: Մարկոսյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը, 2014թ. օգոստոս ամսից մինչև 2015թ հունվարի 28֊ը ներառյալ հանձնարարել է ենթակա սպաներին, պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպման, Թևոսյանին մի քանի ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից:

Մարկոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: