Ոստիկանության աշխատակիցը չի եկել դատական նիստին ՀՀ ոստիկանության դիրքորոշումը ներկայացնելու համար։
ՀՀ վարչական դատարանում մայիսի 27-ին ավարտվել է 2014 թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից, ծրագրավորող Արմեն Աբրոյանի գործով դատաքննությունը։ Ակցիայի ընթացքում մի շարք քաղաքացիների հետ միասին բերման ենթարկված Արմեն Աբրոյանը և վերջինիս ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը (լուսանկարում) Վարչական դատարանից պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները:
Նախորդ դատական նիստին դատարանը հետազոտել էր Աբրոյանի ներկայացրած տեսանյութը, որում երևում էր, որ Աբրոյանին բերման են ենթարկել ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները, այնինչ զեկուցագիր կազմել է 1-ին գումարտակի ոստիկանը, ով դատարանում ցուցմունքի ժամանակ նշել էր, որ ինքն է բերման ենթարկել Աբրոյանին:
Ոստիկանության ներկայացուցիչ Արուսյակ Աթանյանը դատարանից խնդրել էր հետաձգել դատական նիստը՝ տեսանյութի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու համար, սակայն երեկվա նիստին Աթանյանը չէր ներկայացել։
«Ոստիկանության ներկայացուցիչը անգամ գրավոր չէր ներկայացրել իր դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ իրենք դիրքորոշում չունեին ներկայացնելու և չխայտառակվելու համար չէին եկել նիստին»,- Epress.am -ի հետ զրույցում ասել է Արմեն Աբրոյանի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը։
Դատարանն այսքանով ավարտված է համարել դատաքննությունը։ Սույն գործով վճիռը դատարանը կհրապարակի հունիսի 16-ին, ժամը 17։00։
Նշենք, որ 2014 թ. հունիսի 23-ին Սարյան 22ա հասցեում` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հարող տարածքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում մի շարք քաղաքացիների հետ միասին բերման էր ենթարկվել նաև Արմեն Աբրոյանը: Նրա դեմ հունիսի 26-ին ՀՀ ոստիկանությունը հայց էր ներկայացրել` վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ի պատասխան այդ հայցի` Արմեն Աբրոյանի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հակընդդեմ
հայց` պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները: