Թիվ 36 ընտրատարածքից (Շիրակի մարզ) ընտրված ԲՀԿ֊ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի եղբայրը՝ Կարեն Պետոյանը, որը հայտնի է «Կոլ» մականվամբ, ապրիլին ընկերոջ հետ Արթիկի շուկայի մոտ հերթապահություն կատարող ոստիկանի է ծեծի ենթարկել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր անանուն աղբյուրին։
Թերթը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերով, դրանից հետո Պետոյանն ու իր հանցակիցը լքել են երկիրը։
Թերթի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ եղբայրն իսկապես ապրիլի 10-ին կամ 15-ին գնացել է Անապա, սակայն ծեծկռտուքի մասին լուրերը հերքել է։
«Բացառում եմ դա, ինքը մեծ մարդ է, ի՞նչ ծեծկռտուք», ֊ ասել է Մուշեղ Պետոյանը։
Պատգամավորը տեղեկացրել է, որ ինքը նույնպես լսել է նման դեպքի մասին, բայց, իր տեղեկություններով, երիտասարդների վիճաբանություն է եղել, որը հարթվել-գնացել է։ Թե ովքեր են եղել վիճաբանողները, ինքը տեղյակ չէ։ Ոստիկանությունից էլ թերթին ասել են, որ «ձեր ասած անվան հետ կապված նման դեպք չկա արձանագրված»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում