Ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի գործով անցնող վկա Վաղինակ Մինասյանի պահվածքը դատարանում առաջացրել է մեղադրյալի աջակիցների զայրույթը։
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր հարցաքննության ավարտից հետո Մինասյանը, դահլիճից դուրս գալու ժամանակ, նիստին ներկա մեծահասակ մարդկանցից մեկին քմծիծաղով ժպտացել և աչքով է արել։ Ներկաները բարձրաձայն դժգոհել են ոստիկանի պահվածքից, իսկ Սաֆարյանի աջակից կանանցից մեկը նման պահվածքը «լկտի» է անվանել։
«Այսպիսին են մեր ոստիկանները ժողովուրդ ջան, սովորե՛ք», – ներկաներին հանգստացրել է Գևորգ Սաֆարյանը։
Դատարանում այսօր հրապարակվել են Մինասյանի նախաքննական ցուցմունքները, որից հետո Սաֆարյանը և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը ճշտող հարցեր են ուղղել վկային՝ իր նախաքննական ցուցմունքի և դատարանում տված վկայությունների միջև եղած էական հակասությունների վերաբերյալ։
Մինասյանը դատարանում երկու անգամ հավաստիացրել էր, որ հունվարի 1-ի միջադեպի ընթացքում, չնայած քաղաքացիների հարվածներին, ինքը ոտքով հարվածներ չի հասցրել քաղաքացիներին։ Այնինչ նախաքննական ցուցմունքի մեջ ոստիկանն ասել էր, որ ինքը նույնպես ոտքով հարվածել է ցուցարարներին, իսկ բռունցքով հարված հասցնելու դեպք չի հիշում։
Հակասությունը ճշտելու վերաբերյալ հարցի ժամանակ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն առարկել է՝ նշելով, թե վկան արդեն ասել է, որ իրենք ձեռնամարտի հնարքներ են կիրառել, որի մեջ կարող է մտնել նաև ոտքով հարցածը, քանի որ առանձին ոտնամարտի հնարքներ գոյություն չունեն։
Տիգրան Հայրապետյանը դժգոհել է, որ դատախազն ամեն անգամ թույլ չի տալիս վկային պատասխանել և առարկությունների միջոցով հուշում է վկային պատասխանները։
«Ես դատի ընթացքում փորձում էի կանխել դատախազի այս գործողություններին, որ նա այլևս չհուշի, բայց դատարանն ինձ թույլ չի տալիս, և դատախազը, օգտվելով իր իրավուքներից, շարունակում է հուշել», – իր հերթին, ասել է Գևորգ Սաֆարյանը։
Վերջինս իր առարկություն է ներկայացրել նաև դատավոր Մնացական Մարտիրոսյանին․ «Փոխանակ դատավորը ստիպի վկային, որ նա ըստ էության պատասխանի հարցերին, դատավորն ասում է՝ ոչինչ թող չպատասխանի, դուք դրա մասին ձեր ճառում կներկայացնեք»։
Վկայի հարցաքննությունից հետո Սաֆարյանը նաև նշել է, որ դատաքննության ընթացքում վկաները տալիս են ակնհայտ սուտ և հորիված ցուցմունքներ․ «Վկաները գալիս են դատարան և տալիս են մոտավորապես այսպիսի ցուցմունք, թե մենք տեսանք՝ Գևորգ Սաֆարյանը հարվածեց Գեղամ Խաչատրյանին, իսկ մնացածը չենք հիշում։ Այնպիսի տպավորություն է, որ վկաների հիշողության մեջ միայն իմ ձեռքն ա մնացել, իսկ ձեռքից էն կողմ չեն հիշում։ Ես դատավարության այս հատվածում արդեն ֆիքսում եմ, որ վկաները տալիս են ակնհայտ սուտ և հորինված ցուցմունքներ, ինչով էլ պայմանավորված է նրանց չակերտավոր չհիշելը»։
Հիշեցնենք, որ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը): Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մեղադրանքն առաջադրվել է միմիայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Սաֆարյանն իր դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է համարում։