Ամուլսարի ոսկու հանքը շահագործել նախատեսող «Լիդիան Ինթերնեշնլ» բրիտանական ընկերությունը ցանկանում է Ջերմուկ քաղաքն առողջարանից վերածել հանքի աշխատողների ժամանակավոր կացարանի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) նախաձեռնությունը։ ՀԲՃ֊ն նման հայտարարություն է արել՝ հիմնվելով 2016 թվականի մայիսին ընկերության կողմից Հայաստանի բնապահպանության նախարարությանն ներկայացված փաստաթղթի վրա, որտեղ որպես ազդակիր համայնք ներառված է նաև Ջերմուկ քաղաքը։
«Ըստ ընկերության կարճաժամկետ հաշվարկների՝ առողջարանի կարգավիճակի ժամանակավոր փոխարինումը որպես հանքի աշխատողների բնակատեղի ամբողջովին կփոխհատուցի այն կորուստները, որոնք առողջարանը կկրի հանքի գործունեության ընթացքում: Ավելին, ըստ ընկերության, մինչ առողջարանը առավել ակտիվ գործում է տարվա միայն մի քանի ամիսներին, հանքի աշխատողների մշտական ներկայությունը հանքի ծրագրի իրագործման փուլում առավել եկամտաբեր կլինի քաղաքի համար», – նշված է ՀԲՃ-ի հայտարարության մեջ։
«Լիդիան Ինթերնեշնլ» կազմակերպությունը նախատեսում է շինարարական աշխատանքների ժամանակ 370 աշխատակից բնակեցնել Ջերմուկի հյուրանոցներում, իսկ հանքի շահագործման ընթացքում Ջերմուկի հյուրանոցներում և տներում բնակեցնել մոտ 250 աշխատակիցների:
«Առողջարանի կողքին գործող լեռնահանքային արդյունաբերությունը կասկած չի թողնում առողջարանի տխուր հեռանկարի վերաբերյալ: 10-11 տարի անց, երբ Ամուլսարի ծրագիրն ավարտվի, հանքի աշխատողները լքելու են նաև Ջերմուկը՝ տեղացիներին թողնելով աղտոտված բնական միջավայր և երբեմնի առողջարանի խարխլված համբավ», – նշված է ՀԲՃ-ի հայտարարության մեջ։
Բնապահպանները մեջբերում են նաև «Լիդիան Ինթերնեշնլ»֊ի անգլերենից թարգմանված առաջարկի այն հատվածը, որտեղ նշվում են ծրագրի ռիսկերը․
«․․․երբ մի վայրում մեծ քանակով աշխատողներ են բնակվում՝ հիմնականում արական սեռի, նման իրավիճակները առաջ են բերում ալկոհոլի չարաշահում, մարմնավաճառության նոր կամ ընդլայնվող ցանց՝ վերջինս էլ սերտ առնչվում է սեռավարակների տարածման հետ, ինչպես նաև նկատվում է հանցագործությունների աճ: Նմանատիպ ազդեցությունները հատկապես անհավասարաչափ ուղղակի կամ անուղղակիորեն ազդում են տեղի համայնքների կանանց և աղջիկների վրա․․․Ջերմուկի հյուրանոցներում մնացող 370 աշխատակիցները կնպաստեն վերոնշյալ սեռական վարքագծի դրսևորման տարածմանը․․․»։
ՀԲՃ֊ն ընդգծում է, որ մարմնավաճառության, սեռավարակների տարածման և այս տիպի խնդիրները մեղմացնելուն ուղղված գործողությունների շարքում ընկերությունը նախատեսում է ինչպես կանանց աջակցման ու կրթման ծրագրեր իրականացնել, ինչը, ըստ ընկերության գնահատակնների, հետ կպահի կանանց մարմնավաճառությունից, այնպես էլ պահպանակների լայն հասանելիության ապահովումը հանքի աշխատավայրում և հյուրանոցներում, որպես սեռավարակների կանխարգելման միջոց։