Էրեբունի համայնքում գտնվող Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին աջակցելու մեղադրանքով այսօր 2 ամսով կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանը։
Այս մասին azatutyun.am կայքի հետ զրույցում ասել է Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու և ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու և տեղափոխելու հոդվածներով։ Փաստաբանը պարզաբանել է, որ Գիչյանը, ըստ մեղադրանքի, իր սեփական բեռնատար մեքենան տրամադրել է զինված խմբին։ Գիչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Նշենք, որ հուլիսի 17 -ին, առավոտյան ժամը 05:00-ին Սասնա ծռեր խմբավորման անդամները զինված հարձակում են գործել ՊՊԾ շենքի վրա և գրավել այն: Բախման արդյունում մահացել ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 2 այլ ոստիկաններ և խմբավորման անդամներից մեկը ստացել են հրազենային վնասվածք: