Օգոստոսի 15-ին Հայաստանն իր առաջին մեդալը ստացավ Ռիո֊դե֊Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերին՝ արծաթ նվաճեց ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։ Օգոստոսի 16-ին ոսկե մեդալ նվաճեց ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալի արժանացան ծանրորդ Գոռ Մինասյանը և ըմբիշ Միհրան Հարությունյանը։ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարզական լրագրող Արմեն Նիկողոսյանը վստահ է՝ մեդալները չեն փրկի ճգնաժամի մեջ գտնվող հայկական սպորտը, այլ կծառայեն իշխանավորների փիառին։ Նիկողոսյանի ««Փրկության» օրը» հոդվածը «ՀԺ»֊ում հրապարակվել է օգոստոսի 16-ին՝ Ալեքսանյանի կողմից ոսկե մեդալը նվաճելուց առաջ։
«Հայկական սպորտի համար շատ ցավող ծանոթներիցս մեկն օրեր առաջ ասաց. «Աբսուրդ իրավիճակ է: Սրտով, հոգով ցանկանում եմ մեդալներ, չեմպիոն ունենանք: Բայց մտածում եմ, որ այդ դեպքում մեր սպորտն առաջիկա 4 տարվա ընթացքում էլի գերի է մնալու: Սա էլ «հայի բախտի» տարատեսակներից մեկն է՝ մի կողմից մեր մարզիկներն արժանի են ամենաբարձր տիտղոսների, կոչումների, մյուս կողմից նրանց հաջողություններից օգտվողները չեն թողնում Հայաստանում սպորտ զարգանա»:
Ընդհանուր առմամբ, սխալ է ընդամենը 1 մրցաշարով, եթե անգամ դա Օլիմպիական խաղեր են, ամփոփել և բնութագրել տվյալ երկրի սպորտը: Բայց հիմա Հայաստանում կարծես հենց այս պրոցեսն է՝ միգուցե ուշացած և առանց լրջագույն փաստարկների, ավելի շատ՝ էմոցիոնալ: Այնինչ, միայն «Ռիո 2016»-ով չպետք է գնահատականներ տրվեն սպորտին: Կախվածությունը երկրի տնտեսությունից, անգամ՝ տվյալ պահին առկա իրավիճակից, սպորտը դարձնում են հայելի ընդհանուր երկրի համար և պետք չէ ամենևին զարմանալ «Ռիո 2016»-ում մեր արդյունքներից:
Տարիներ շարունակ մեր սպորտն անկում է ապրում, սուտն ու կեղծիքը, մեծախոսությունը, գոռոզամտությունը, կեղծ հայրենասիրությունը և ամենակարեւորը՝ անգործությունը, դարձել են մեր սպորտի հիմնական բնութագրերը:
Ուղղակի «Ռիո 2016»-ը ստեղծված իրավիճակը դարձրեց շատ ավելի ակնհայտ հասարակության լայն շրջանակների համար: Բայց ցավալի է, որ հիմնականում մեղադրվում են մարզիկները, մարզիչները. մշտապես պնդել ենք, որ հայկական սպորտում ցանկացած հաջողություն անհատների, հիմնականում առանձին մարզիչների ու մարզիկների աշխատանքի շնորհիվ է և ոչ թե համակարգային լուծումների արդյունք:
Պայմանների իսպառ բացակայության պարագայում հայ մարզիկների արձանագրած ցանկացած արդյունք հաջողություն կարելի է համարել: Ընդ որում, այդ հաջողություններն էլ արձանագրվում են բացառապես այն մարզաձեւերում, ուր անհրաժեշտ է միայն բնատուր որակներ՝ ուժ, ճարպկություն, իսկ ցանկացած քիչ թե շատ տեխնիկական ապահովում պահանջող մարզաձևերում մենք դեռ չենք կարողանում մրցակցել:
Մի՞թե կարող էր Օլիմպիական կրկնակի չեմպիոն դառնալ հանրահայտ դերասան և երգիչ Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին՝ Յանա Եգորյանը, եթե ապրեր Հայաստանում, ուր անգամ սուսեր չկա սուսերամարտով պարապելու համար, կամ ի՞նչ էր անելու Հայաստանում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հրաձիգ Կիրիլ Գրիգորյանը՝ Սանկտ Պետերբուրգ արտագաղթած Հակոբ Գրիգորյանի որդին, եթե Հայաստանում մաքսավորներն ահռելի դժվարությամբ են թույլ տալիս մրցումների տանել սպորտային զենքեր, փամփուշտներ՝ չտարբերելով դրանք իսկական զենքերից ու փամփուշտներից: Ուղղակի զարմանալի է, թե ինչպես է հայաստանցի մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը կարողանում Օլիմպիական խաղերում հասնել եզրափակիչ, եթե Հայաստանում չկա մարմնամարզության ժամանակակից գործիքների գոնե 1 հավաքածու:
Ընդհանուրի մասին դեռ կխոսենք, հիմա՝ մասնավորի՝ «Ռիո 2016»-ի մասին: Այսօր սպասում ենք ոսկու`վերջիվերջո պատահական չէ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի Ռիո մեկնելը, Բաքվում 2015 թվականին կայացած Եվրոպական մարզական խաղերին Հայաստանի մասնակցելը: Մեդալներ լինելու են, պարտադիր, և միգուցե այն ամենը, ինչ ասվում է այսօր՝ վաղը մոռացվի, «ջրվի»: Հենց այս պատճառով էլ «Ռիո 2016»-ը պետք է վերլուծվի արդեն այսօր, կետ առ կետ՝ չսպասելով «պարտադիր» մեդալներին:
Համաձայն վիճակագրության՝ 1996 թվականից ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանը կայացած 6 Օլիմպիադաներում նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե եւ 9 բրոնզե մեդալներ. այս արդյունքով մեր երկիրը գերազանցում է օրինակ 100 տարուց ավելի Օլիմպիական խաղերին մասնակցող Իսլանդիային:
Բայց ի տարբերություն նույն Իսլանդիայի, Հայաստանում մեդալ նվաճելը, անգամ՝ ամեն գնով, պաշտոնում մնալու միակ տարբերակն է շատ ու շատ մարզական ղեկավարների համար: Ցանկացածը կասի, որ մեծ սպորտը սկսվում է մանկապատանեկան սպորտից, որ սպորտը զարգացնելու առաջին ու գլխավոր պայմանը մանկապատանեկան սպորտի զարգացումն է: Ի՞նչ է արվել Հայաստանում այս առումով, թեկուզ վերջին քառամյակում՝ Օլիմպիական ցիկլում: Մեծ հաշվով՝ ոչինչ: Չեն կառուցվել նոր մարզադպրոցներ, չեն կազմակերպվել համապատասխան մասնագետների, մարզիչների որակավորման դասընթացներ եւ այլն: Առանց պայմանների եւ մանկապատանեկան սպորտում որակյալ մասնագետների մեր երկրի սպորտն ապագա չունի: Դրա փոխարեն՝ կեղծիք, սուտ, խարդախություն, որոնցից մի քանիսը, կապված «Ռիո 2016»-ի հետ, ներկայացնենք ստորեւ:
– Ի լուր ամբողջ հայության՝ Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) հայտարարեց, թե Օլիմպիական խաղերի են մեկնում ռեկորդային թվով՝ 33 հայաստանցի մարզիկներ: «Ռեկորդ», «ոսկե մեդալ», «մեծ բարերար Գագիկ Ծառուկյան»՝ այս խոսքերը պետք է դառնային «Ռիո 2016»-ի Հայաստանի «կարգախոսները»: 4 տարի շարունակ մեր սպորտի ղեկավարները պնդում էին, թե այս անգամ Օլիմպիական խաղերի ենք մեկնելու բացառապես վարկանիշներով՝ չեն լինելու «սպիտակ քարտեր»: Բայց բաղձալի 33 թվին հասնելու համար ի վերջո ՀԱՕԿ-ը 3 սպիտակ քարտ խնդրեց, և մեր մարզիկների թիվը հասավ 33-ի: Եվ սկսվեց. խոսվում և գրվում էր միայն ռեկորդային թվով մարզիկների մասին, սպորտում ՀԱՕԿ նախագահի աննկարագրելի ներդրումների մասին և այլն: Անգամ սովետից մնացած անստորագիր կոլեկտիվ նամակներ էին տպագրվում՝ որպես ուղերձ հայ մարզիկներին, իրականում Գագիկ Ծառուկյանի գովքն անող ճոռոմ տեքստեր: Բայց արդեն «Ռիո 2016»-ի մեկնարկից հետո՝ երբ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հրապարակեցին պաշտոնական հայտերը, պարզվեց, որ միայն Հայաստանում գիտեն 33 մարզիկի մասին: Իրականում Օլիմպիական խաղերին մասնակցել են 32 հայաստանցի մարզիկ, և ՀԱՕԿ-ի մեծ բլեֆը այս մասով արդեն իսկ բացահայտված է:
– Բրազիլիա մեկնելուց առաջ ՀԱՕԿ նախագահը հանդիպել էր մարզիկների հետ՝ սահմանափակ քանակով լրագրողների մասնակցությամբ: «Ծանոթ-բարեկամ մեզ մոտ չի անցնում: Օլիմպիական խաղերի են մեկնում ուժեղագույնները», – այդ ժամանակ հայտարարեց Գագիկ Ծառուկյանը և «Ռիո 2016» ուղարկեց ոչ թե ծանրամարտում Հայաստանին ամենաշատ վարկանիշային միավորներ բերած Վանիկ Ավետիսյանին կամ էլ 85 կգ քաշային կարգում Հայաստանի ուժեղագույն ծանրորդ Աղասի Աղասյանին, այլ իր տեղակալ Օգսեն Միրզոյանի որդուն:
– Նույն հանդիպման ժամանակ ՀԱՕԿ նախագահը զարմանալի, միգուցե սպորտային աշխարհի համար մինչ այժմ անհայտ նորարարությունների մասին տեղեկացրեց: «Ռիո 2016» հայաստանցի ատլետները և լողորդները մեկնեցին առանց մարզիչների: Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ նման որոշում էր ընդունվել, քանի որ ատլետներից և լողորդներից մեդալների ակնկալիքներ չկան: Բայց Ռիո մեկնեց ՀԱՕԿ նախագահին մշտապես գովերգող ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանը: «Մեր ատլետները շատ լավ են հարմարվել Ռիոյին», – օրեր առաջ հայտարարեց Էմիյանը՝ կարծես մեր մարզիկները մեկնել էին Ռիո մշտական բնակության, ու շատ կարևոր էր նրանց «հարմարվելը»:
– «Ռիո 2016»-ի բացման արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության կազմում մարզիկներից մի քանի անգամ շատ էին ՀԱՕԿ-ի, սպորտի նախարարության աշխատակիցները, այլ մարդիկ, իսկ մեր պատվիրակությանն առաջնորդում էին մի քանի տատիկ-պապիկներ: Հայկական սպորտի համար անփոխարինելի է դարձել 72-ամյա Դերենիկ Գաբրիելյանը՝ իր կողքը թռվռացող տարեց կանանց հետ միասին: Հայաստանում մի՞թե չկա նոր սերունդ, որը կզբաղվի կազմակերպչական հարցերով եւ երիտասարդների ստուգատես համարվող Օլիմպիական խաղերը Հայաստանի համար չի վերածի մեծ փորձ, բայց արդեն թոշակառու մարդկանց հավաքատեղիի:
– «Ռիո 2016»-ում Հայաստանը միակն է, որի մարզիկները չեն կրում միատեսակ հանդերձանք: Ավելին. մեր բռնցքամարտիկներից մի քանիսը ելույթ են ունեցել առանց մեր երկրի անունը նշող գրության: Անգամ ՄՕԿ-ի փախստականների հավաքականը նման իրավիճակում չէ:
– Օլիմպիական խաղերի մեկնարկից 3 ամիս առաջ Արսեն Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցում ուշագրավ բացահայտումներ ներկայացրեց, որոնք անպատասխան մնացին ՀԱՕԿ-ի կողմից: «Չեմ զգում, որ մենք պատրաստվում ենք Օլիմպիական խաղերի: …Օլիմպիական խաղերի պատրաստվող մարզիկը ոչ մի խանգարող, մտահոգիչ հանգամանք չպետք է ունենա: Չպետք է մտածի սնունդի մասին, որ եթե այդ օրվա սնունդը լավը չէր, գնա խանութից բերի, կամ եթե թիմը չունի լավ ֆիզիոթերապեւտ, մտածի՝ որ հիվանդանոց զանգի, ինչպես սպորտային բժիշկ, սպորտային հոգեբան գտնի»,- մասնավորապես, հայտարարել էր Ջուլֆալակյանը:
– Անցյալ տարի աշնանը մեծ աղմուկով բացվեց «Օլիմպավանը»: «Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերից առաջ սա մեծ նվեր է հայ մարզիկներին: ՀԱՕԿ նախագահի անձնական միջոցներով կառուցված «Օլիմպավանը» եզակի կառույց է աշխարհում» եւ այլն՝ անընդհատ նշում էին մեր սպորտի ղեկավարները: Փաստ է արդեն, որ մինչ այսօր դեռ ոչ մի մարզիկ չի մարզվել «Օլիմպավանում», քանի որ այն դեռ իրականում պատրաստ չէ: Մեծ հաշվով այն կարող է ընդհանրապես փակ լինել մարզիկների համար, քանի որ ՀԱՕԿ նախագահի անձնական սեփականությունն է:
Սրանք ընդամենը մի քանիսն են այն բացթողումներից, որ առկա է «Ռիո 2016»-ում և որոնց պատասխանները երբեք չեն ստացվելու, ինչպես եղել է մշտապես: Սուտը, կեղծիքը դարձել են մեր սպորտի անքակտելի մասը և այսպես շարունակելն ուղղակի կործանարար է մեր սպորտի համար: Անգամ Օլիմպիական մեդալների առկայության դեպքում:
Այսօր կեսգիշերն անց, ամենայն հավանականությամբ ոսկե մեդալ կունենանք «Ռիո 2016»-ում և, հավանաբար, կմոռացվեն այն բացթողումները մեր սպորտում, որոնք առկա են մշտապես: Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ամեն ինչից անկախ արժանի է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի: Ուղղակի Արթուրի հաղթանակներից օգտվում է ոչ թե սպորտը (օրինակ չի վերանորոգվում խայտառակ պայմաններում գտնվող Գյումրիի այն մարզադահլիճը, ուր մարզվում է Արթուր Ալեքսանյանը), այլ դառնում է ՀԱՕԿ ղեկավարին գովերգելու նոր առիթ: Այնինչ, անգամ հաղթանակների դեպքում առաջին հերթին պետք է հենց բացթողումների մասին խոսել, փորձել շտկել դրանք: Իհարկե, ցանկության դեպքում»: