ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ, նախկինում ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի չարաշահումների վերաբերյալ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ղարաբաղյան պատերազմի վետերան Վահան Բադասյանի ահազանգի շուրջ արձագանքները շարունակվում են, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայիս պետը (Մովսես Հակոբյան), լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ընկերության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի հետևանքով բանակից խոշոր գումարներ են յուրացվել:
Բադասյանին պատասխանել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որի խոսքերը Բադասյանին խնդրել է մեկնաբանել «Հայկական ժամանակը»։
– Պարոն Բադասյան, ձեր ահազանգին արձագանքեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ ընդգծելով, որ «Սիփան» ընկերությունը կապ չունի ՀՀ ԶՈՒ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ։ Նա ասել է, որ այդ ընկերությունը մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին։
– Ես ասել եմ, որ Արծրուն Հովհաննիսյանը լկտիաբար ստում է։ Ասում են կապ չունի Մովսես Հակոբյանը, բայց «Սիփան» ընկերության տնօրենը նրա եղբայրն է։ Կապ ունի՞, թե ոչ։
– Էլ ո՞ր ընկերություններն են հաց մատակարարում բանակին։
– Մյուսը «Ավանգարդ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը գնդապետի աստիճան ունեցող, բայց իրականում դասալիք Գաստիկն է։ Հաց է մատակարարում նաև Արցախի բանակի շտաբի պետի սեփական ձեռնարկությունը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի (պաշտոնանկ է արվել այս տարվա ապրիլին֊խմբ․) եղբոր ընկերությունը։ Այսինքն գեներալիտետին պատկանող ընկերություններն են զբաղվում հացի արտադրությամբ։ Սրանք կարո՞ղ են պատահականություն լինել, կարող են, բայց մի քիչ շատ է պատահականությունը։ Երկրորդ․ իրենք մրցույթը շահել են մեկ կիլոգրամ ցորենը 173 դրամով։ Շուկայում ցորենի գինը 90 դրամ է, իրենք ցորեն են գնում, 1 կիլոգրամից 750 գրամ ալյուր ստանում, 250 կիլոգրամ թեփ տալիս ալրաղացին՝ իր ծախսերը հոգալու համար։
– Դուք դիմել էիք Կարեն Կարապետյանին։ Որևէ արձագանք ստացե՞լ եք։
– Ոչ, ոչ մի արձագանք չկա։
– Իսկ դուք սպասո՞ւմ եք նրա արձագանքին։
– Ոչ, չեմ սպասում, ինքը չի կարող արձագանքել, որովհետև դրա նպատակը չունի։ Ինքը նշանակված է Սերժ Սարգսյանի կողմից, որ կատարի նրա ցանկությունները։ Կապ չունի, որ ինքը առաջարկել է ձերբազատվել օդիոզ դեմքերից՝ Լիսկա, Գագիկ Բեգլարյան, Գագիկ Խաչատրյան։ Սա առաջարկել է, որպեսզի օգնի ընդհանուր գործին, որ 2017 թվականի ընտրություններում հաղթեն։ Իհարկե, կարող են խփել, ոնց որ Սերժ Սարգսյանն է ասում, բայց խփելով բան դուրս չի գալիս։ Արդեն պետության գանձարանը դատարկվում է և թիմով դուրս են եկել իրար դեմ։ Ուստի բերել են մի դեմք, որը ոչ թե ունի լավ անցյալ, այլ չունի վատ անցյալ, և այդ դեմքը, եթե ունենա էլ վատ համակարգից ազատվելու ցանկություն, նրան թույլ չեն տա։ Օրինակ՝ ինչպե՞ս կարող է Կարեն Կարապետյանը Հերմինե Նաղդալյանի ականջից բռնել՝ գողության համար։ Ինքը էնտեղ մեծ գործեր է շահում շինարարական, վերանորոգման՝ միլիոնների հասնող։
– Իսկ ձեր ահազանգերի հետ կապված իրավապահ մարմինները որևէ հետաքրքրություն չե՞ն ցուցաբերել։
– Ես չեմ ուզում, որ մենք բանակի ամեն արատավոր դեպք վերցնենք ու այսպես շահարկման առարկա դարձնենք։ Բանակը մեր անվտանգության միակ աղբյուրն է, որ Թուրքիայից ու Ադրբեջանից մեզ պաշտպանում է։
– Բայց դա նաև բանակի շահերից է բխում։
– Այո, բայց մենք այս երևույթները պետք է փորձենք սեղանի շուրջ քննարկել։ Եթե այդ տարբերակով չլինի, նոր պետք է անցնենք հանրայինի…
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում