Home / Հայաստան / «Գազպրոմ Արմենիա»֊ի անունից արվող զեղչերի դիմաց կվճարի պետությունը․ պատգամավոր

«Գազպրոմ Արմենիա»֊ի անունից արվող զեղչերի դիմաց կվճարի պետությունը․ պատգամավոր

Գազի գինն իրականում չի իջնելու, այլ միայն փոխվելու է վճարողը։ Սակագնի նվազեցումից իրականում շահելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը (ԳԱ)։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նշենք, որ ԳԱ֊ն նախատեսում է սպառողի համար նվազեցնել սակագինը՝ մեկ խորանարդ մետրի գինը սահմանելով 139 դրամ ներկայիս 146,7 դրամի փոխարեն։ Էական նվազեցում է նախատեսվում 105 հազար անապահով ընտանիքների համար, որոնք հնարավորություն են ունենալու տարեկան 600 խորանարդ մետր գազ գնել 100 դրամով։ Հենց այդ նվազեցմանն է անդրադարձել Մանուկյանը՝ ընդգծելով, որ սահմանված գնի և անապահով ընտանիքներին առաջարկվող գնի տարբերությունը իրականում վճարելու է ՀՀ կառավարությունը։

«Կառավարությունն իր սուղ միջոցներից սոցիալիստաբար, մենք վերադառնում ենք սովետմիության ժամանակներին, ինքն է մուծելու այդ սուբսիդիան։ Սա նշանակում է՝ «Գազպրոմին» ավելի երաշխավորված մուծումներ է լինելու, որովհետև, եթե մինչև այդ քաղաքացին, թոշակառուն չէին կարող մուծել, ապա այս դեպքում պետությունը բյուջեից երաշխավորված մուծելու է այդ գումարները։ Այսինքն՝ «Գազպրոմն» ավելի շահում է դրանից», – նշել է բանախոսը։

Նա ասել է, որ գազի սակագնի նվազումն իր մեջ պարունակում է նաև կոռուպցիոն ռիսկեր։ Դա, մասնավորապես, վերաբերում է գազ սպառող ջերմոցային տնտեսությունների ոլորտին։

«Պետության չինովնիկը, որքան շատ է շուկայի մեջ մտնում, կոռուպցիոն ռիսկերն այնքան մեծանում են։ Ջերմոցների համար լավ է առաջին հայացքից․ ենթադրենք, ունենք 1000 ջերմոց, եթե դրանք տարեկան վառում են 9000 խորանարդ մետր, ձեռնտու է իրենց, որ ավելի շատ վառեն, որ 10 հազարի սահմանը անցնեն, ու այդ դեպքում 20 տոկոս էժան վճարեն։ Սա կոռուպցիայի լայն դաշտ է ստեղծում, այսինքն չինովնիկը, էլեկտրիկը, հաշվողը, գալու է ջերմոցի մոտ ասի, ախպե՛ր, դու ունես 9500 կամ 9800 խորանարդ մետր վառած գազ, արի 200 խորանարդ մետր էլ վառի հենց այնպես, օդ վառի, որ ընկնես էն 20 տոկոսի տակ։ Փաստորեն սա ձեռնտու է, քանի որ վճարողն արդեն կա։ Պետությունն է վճարելու․․․Եղբա՛յր, դու քո փողերի հաշվին լավություն արա, ինչքան ուզում ես», – նշել է բանախոսը։

Մանուկյանի խոսքով՝ սա քաղաքական առումով հստակ նախընտրական քայլ է, որն իշխանությունը անում է Հայաստանի տնտեսության հաշվին։

Քննարկման մեկ այլ մասնակից, տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ գազի սակագների նվազումը կտևի ընդամենը մի քանի ամիս․ «Ակնհայտ է, որ մեր պետական բյուջեն իր նվազ եկամուտներով չի կարող այս ռազմավարությունը երկար քաշել, և վստահաբար, եթե նույնիսկ հունվարի 1-ին սակագինը նվազի, հունիսի 1-ին՝ կրկին կբարձրանա։ Սա կարճաժամկետ ծրագիր է»։