«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար Էդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծման խնդրին։
«Ընկերներիցս ոմանք գտնում են, որ խաղաղությունն ու փոխզիջումային լուծումը Հայաստանում տաբու է, իսկ մյուս մասն էլ, որ խաղաղության դիսկուրսը տաբու չի ու չի եղել։
Լավ, հիմա խնդրում եմ ցույց տվեք ինձ մի հարթակ, որտեղ քննարկվում է, թե ո՞րն է հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի պետական դիրքորոշումը: Լսե՞լ կամ տեսե՞լ եք մի հարթակ, որտեղ քաղհասարակության մակարդակում քննարկվում է օրինակ` տարածք վերադարձնելու կամ փախստականների վերադարձի հետ կապված խնդիրները:
Գաղտնիք չէ, որ սրանք պաշտոնական բանակցությունների ընթացքում պարբերաբար քննարկվող խնդիրներ են, որոնց մասին մենք, որպես Հայաստանի քաղաքացիներ, բացարձակապես տեղյակ չենք ու կարծես չենք էլ ուզում տեղյակ լինել: Հայկական կողմը տարածքային զիջումների պատրաստ է, թե՞ ոչ: Եթե այո, ինչի՞ դիմաց: Ո՞նց ենք պատկերացնում հանրաքվեի անցկացումն այն պարագայում, երբ արդեն բազմիցս խոսվել է նրա մասին, որ հանրաքվեն լեգիտիմ կհամարվի միայն այն պարագայում, երբ նրան մասնակցելու հավասար իրավունք է ապահովված Ղարաբաղի թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական (նախկին) բնակչության համար: Ո՞ր ուժերը և ի՞նչ հիմքերով պետք է ապահովեն ազգաբնակչության անվտանգությունը:
Ու նման տասնյակ հարցեր, որոնց պատասխանները մենք չունենք, թե՛ պետական և թե՛ քաղաքացիական հասարակության մակարդակում: Մինչև հիմա, կարծում եմ, անգամ հստակ դիրքորոշում չկա բանակցային գործընթացում Հայաստանի դերի վերաբերյալ:
Մեկ փորձում ենք ներկայացնել կոնֆլիկտը որպես ԼՂ-Ադրբեջան հակամարտություն, մյուս պահին, առանց ԼՂ մասնակցության, ինչ-որ համաձայնություններ են ձեռք բերվում միջնորդների հետ, հետո նորից հիշում ենք, որ առանց ԼՂ մասնակցության որևէ լուծում գտնելն անհարին է… Ամեն ինչ մի տեսակ պահի թելադրանքի տակ է տեղի ունենում: Հիմա չգիտեմ, մենք այդ հարցերի պատասխանները չունենք, քանի որ թեման տաբուացված է, թե՞ այլ պատճառ կա, որ այս հարցերի շուրջ չի ձևավորվում հանրային դիսկուրս, կամ մենք միտումնավոր չենք ուզում գտնել այս հարցերի պատասխանները»: