6-րդ գումարման Ազգային ժողովն այսօր բացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջյունով և Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ։ Կաթողիկոսի ելույթից հետո ներկա պատգամավորները հոտնկայս արտասանել են «Տերունական աղոթքը»։ Այունհետև Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱԺ֊ում հայնտված կուսակցություններին ու դաշինքներին (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ելք»)՝ «ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրություններում» հաղթելու համար։
Նա խոսել է նաև այն մասին, թե որքան կարևոր էին 2015-ին իրականացված Սահմանադրական փոփոխությունները, որոնցով «հզորանում է խորհրդարանի դերը»։ Սարգսյանն ընդգծել է, որ «մենք այս փոփոխություններով չեզոքացրել ենք քաղաքական մենաշնորհի սպառնալիքը»։
«Խորհրդարանը բազմակարծության հարթակ է․․․ Կայացած պառլամենտարիզմը մեր նորացված պետականության զարգացման թիվ մեկ գրավականն է լինելու»,֊ ասել է նախագահը։
Նշենք, որ Հայաստանում Սարգսյանի նախագահած Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ունի Ազգային ժողովում և Երևանի ավագանիում, Հայաստանի համայնքների գերակշիռ մասը ղեկավարվում են ՀՀԿ֊ականների կողմից։
Իր ելույթի ընթացքում Սերժ Սարգսյանը անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Կոնգրես֊ՀԺԿ» դաշինքին, որը իր քարոզարշավի հիմքում դրել էր Ադրեբջանի հետ խաղաղության գալու և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծելու խնդիրը։ Համաձայն դաշինքի առաջնորդ Լևոն Տեր֊Պետրոսյանի ելույթների և հարցազրույցների՝ 1997 թվականին սեղանին դրված ԼՂ հարցի լուծման բանաձևը, որը Հայաստանը մերժել է, շատ ավելի լավն էր, քան այն, ինչ հիմա է առաջարկվում, իսկ հարցի լուծման ձգձգումը հանգեցնում է Հայաստանում արտագաղթին, աղքատացմանը։
«Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ»,֊ այդ առնչությամբ հայտարարել է Սերժ Սարգսյանը։
Ըստ նրա, ԼՀ հարցը չի լուծվում ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի պատճառով։
ԱԺ անդրանիկ նիստի առաջին հատվածում ներկա չէին «Ելք» դաշինքի պատգամավորները։
Նշենք, որ ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկելու է Արա Բաբոլայնի թեկնածությունը, իսկ ԱԺ փոխնախագահների պաշտոններում՝ Էդուարդ Շարմազանովին և Արփինե Հովհաննիսյանին: ԲՀԿ֊ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջարկելու է Միքայել Մելքումյանի թեկնածությունը։
Հ․Գ․ «Ելք» դաշինքի պատգամավորները նիստին մասնակցել են ընդմիջումից հետո։