Այս առավոտյան Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել և Կենտրոնի ոստիկանության բաժին տարվել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի կինը Ռուզաննան և երեք երեխաները՝ Հակոբը, Սիմեն, Էլմոնը, ինչպես նաև «Հայ կանանց ճակատի» անդամներ Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը։ Այս մասին հաղորդում է «Սասնա ծռեր» խմբի ֆեյսբուքյան էջը։ Ոստիկանության լրատվության բաժինը հրաժարվել է Epress.am֊ին ասել, թե որն է ձերբակալության պատճառը։ Միայն ասել են, որ Եղնուկյանները բերման են ենթարկվել «հաղորդման հիման վրա»։
«Մանրամասներ լրացուցիչ կտրամադրվի», ֊ ասել են ոստիկանությունից։
Ըստ «Սասնա ծռեր»֊ի էջի՝ նրանք ձերբակալվել են հրապարակում «Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների ներկայությամբ սփյուռքահայ քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս»։
Այս պահին Ոստիկանության կենտրոնի բաժին է մեկնում Եղնուկյանների պաշտպան Տիգրան Հայրապետյանը։
«Հայ կանանց ճակատի» անդամ Սյուզան Սիմոնյանը Ֆեյսբուքի միջոցով հաղորդում է, ոստիկանությունում բերման ենթարկավածներին ասել են, որ տեղեկություն էին ստացել, թե Ռուզան Եղնուկյանը իր երեխաների հետ միասին պատրաստվել է Հանրապետության հրապարակում ռումբ տեղադրել։
«Բերման ենթարկելու պատճառը դա է։ Իսկ հարցին, թե ինչու են ոստիկանություն բերվել նաև Հայ կանանց ճակատի մյուս անդամները, ոստիկանը պատասխանել է, որ նրանց բերման են ենթարկել միայն քաղբանտարկյալների նկարներով իրենց շապիկների համար», ֊ գրում է Սիմոնյանը։