«Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որի՝ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած անձանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 3 տարի, իսկ տարկետման իրավունքը խիստ սահմանափակվում է, ԵՊՀ-ում սովորող մի շարք ուսանողների ստիպել է ստեղծել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը։
«Երբ ձևավորվեց նախաձեռնությունը մենք սկսեցինք ուսանողներին իրազեկել նախաձեռնության վերաբերյալ։ Նախաձեռության ստեղծումից երկու օր հետո կազմակերպեցինք հավաք-քննարկում, որի նպատակը նոր մարդկանց ներգրավելն էր և «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում առկա ռիսկերին ծանոթացնելը», – Еpress.am-ին ասել է արվեստաբան, 2-րդ կուրսի ուսանող Մոնթե Մաթևոսյանը։
Ուսանողների կարծիքով՝ օրենքի փոփոխությունը լուրջ հարված է հասցնում գիտությանը, և ՊՆ-ն, շահարկելով «սոցիալական արդարություն» եզրույթը, գիտության հաշվին փորձում է լուծել իր խնդիրները։
Մաթևոսյանի խոսքով՝ ծառայությունից խոսւափելը ոչ միայն կրթական համակարգում, այլ նաև այլ ոլորտներում կոռուպցիայի առկայության պատճառն է:
«Սա ավելի բարդ համակարգային խնդիր է։ Շատ վիճելի է Վիգեն Սարգսյանի այն փաստարկը, որ սրանով կվերականգնվի սոցիալական արդարությունը։ Այս օրինագծի ընդունման դեպքում սոցիալական արդարությունը չի վերականգնվի, քանի որ այն մարդը, որը կրթության համակարգում կուռուպցիա էր օգտագործում և չէր գնում բանակ, այժմ առողջապահության ոլորտում առկա կոռուպցիան կօգտագործի և չի գնա բանակ», – ասել է Մոնթե Մաթևոսյանը։
Նախաձեռնության հիմնադիր անդամներ Գեղամ Ասատրյանի ու Մոնթե Մաթևոսյանի հետ զրույցի մանրամասները տեսանյութում․