Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ծրագրերից մեկում որպես խորհրդատու աշխատող Արեգ Բարսեղյանը 2013-ից 2016 թվականն ընկած ժամանակահատվածում սոցցանցերում ակտիվորեն թիրախավորել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ատելության խոսք տարածել, վիրավորել, իր բնութագրմամբ, «հայ ընտանիքներ քանդող» հասարակական կազմակերպություններին։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Կանանց ռեսուրսային կենտրոն»֊ի համանախագահ Լարա Ահարոնյանը։
Իրավապաշտպանը ներկայացրել է նաև Արեգ Բարսեղյանի նախկինում արված գրառումների սքրինշոթեր․
Նա նշել է՝ իր համար անընդունելի է, որ նման մարդն աշխատանքի է անցնում ԵՄ պատվիրակության գրասենյակում։
«Նման մարդիկ ողջ տարիների ընթացքում վատ են խոսում, ասում են՝ եվրոպական արժեքներ են գալիս էստեղ, գրանտ են տալիս կազմակերպություններին, որ ընտանիք քանդեն, երկիր քանդեն, պետություն քանդեն։ Հետո մեկ էլ տեսնում եմ, որ էդ նույն մարդիկ, որ մեզ են ասում՝ գրանտ ենք վերցնում, չնայած մենք անձամբ Եվրոպական միության պատվիրակությունի ոչ մի գրանտ չենք վերցնում, գնում են ու ստանում են էդ փողը, որ իրենք ասում էին՝ քանդելու համար է», ֊ ասել է Ահարոնյանը։
Նա նամակ է ուղղել ԵՄ պատվիրակությանը և այսօր պատասխան ստացել, որը, իրավապաշտպանի գնահատմամբ, քաղաքականապես կոռեկտ է, սակայն իրեն ամբողջովին այդ պատասխանը չի բավարել․ «ԵՄ֊ը պատասխանել է, որ այդ անձը կարճ ժամկետով է ընդգրկվել իրենց մոտ, գալիք օրերին նրա պայմանագիրն ավարտվում է, և իրենք տեղյակ չէին աշխատանքի վերցնելու պահին, որ նա էդպիսի անցյալ ուներ և նման գրառումներ ուներ»։
Մանրամասները՝ տեսանյութում․