Home / Մեդիա / Ընդդիմությունը կռահել է՝ ինչու են Ալիևներն արտահերթ ընտրություններ անցկացնում

Ընդդիմությունը կռահել է՝ ինչու են Ալիևներն արտահերթ ընտրություններ անցկացնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 11֊ին երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու անսպասելի հրաման է արձակել։ Ալիևն արտահերթ ընտրություններ հայտարարելու իրավունքն ստացել է 2016 թվի սեպտեմբերի 26֊ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո։

Երեք շաբաթ առաջ իշխանությունները հայտնում էին, որ անտահերթ ընտրությունները կկայանան այս տարվա թվականի հոկտեմբերի 17֊ին․ կառավարությունը նույնիսկ հասցրել էր այդ օրն ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում։

Իրավիճակը մեկնաբանում է «Թուրան» վերլուծական ծառայությունը․ «Արտահերտ ընտրությունների նշանակումը կարող է թելադրված լինել հիմնականում այն հանգամանքով, որ Իլհամ Ալիևի կառավարման ընթացքում առաջին անգամ ընտրություններն անցկացվում են տնտեսական ու, ընդհանուր առմամբ, համակարգային ճգնաժամի պայմաններում, ինչը որոշակի խնդիրներ է ստեղծում իշխանությունների համար, որոնք ձգտում են ընտրություններն անցկացնել առանց որևէ էքսցեսների ու հավելյալ խնդիրների։

Արտահերթ ընտրություններն մանևրելու ժամանակ գրեթե չեն թողնում ընդդիմության, ներիշխանանակ հակառակորդների ու Արևմուտքի համար, որը վերջին տարվա ընթացքում ռեժիմի վրա ճնշման մի շարք գործիքներ է գործի դրել՝ Լվացքատունը (փողերի լվացում), Վոլոնտեի գործը (արևմտյան քաղաքական գործիչների կաշառում), կեղտոտ փողերի հոսքի արգելափակում, և այլն։

Նախագահը կստանա հետևյալ առավելությունները․

1․ Ընտրազանգվածի մի մասը դժգոհությունը չի հասցնի վերածվել դիմադրության շարժման, իսկ ընտրազանգվածն, ընդհանուր առմամբ, ամորֆ կլինի,

2․ Ընդդիմությունը կոնսոլիդացման համար բավական ժամանակ չի ունենա։ Այն ի վիճակի չի լինի Ալիևի դեմ էական պայքար մղել, իսկ հնարավոր է նույնիսկ բոյկոտի ընտրությունները, ինչը բավական ձեռնտու է Ալիևի համար ու ստեղծում է այլընտրանքի բացակայության մթնոլորտ։

3․ Ներիշխանական անհամաձայնությունները, որոնք առաջ եկան նախագահի առաջին տեղակալի պաշտոնում առաջին տիկնոջ նշանակումից հետո, նույնպես չեն հասցնի զարգացում ապրել ու հաջողությամբ կչեզոքցվեն։

4․ Արևմտյան կառույցները նույնպես ժամանակ չեն ունենա ընտրությունների ու դրանց վերահսկման վերաբերյալ միասնական ու գործուն մոտեցում ձևավորել։

Հատկանշական է նաև Ղարաբաղի գործոնը, որը ԽՍՀՄ փլուզումից ի վեր ազդել է երկրի ներքաղաքական կյանքի վրա, մասնավորապես, դարձել անկայունության կատալիզատոր։ Հայաստանում մարտին կայանալիք ընտրություններից անմիջապես հետո նախագահական ընտրությունների անցկացումը թույլ կտա օպերատիվ կերպով շարունակել բանակցային գործընթացը, որը միջազգային միջնորդների կողմից ձեռնարկվել է 2017֊ին ու առաջիկա տարիներին ժամանակավոր կարգավորման հեռանկար ունի»։

Արտահերթ ընտրությունների նշանակումն իշխանությունը պահելու փորձ է, հայտարարել է նախորդ ընտրությունների ընդդիմության միասնական թեկնածու, Ժողովրդավարական ուժերի ազգային խորհդրի նախագահ Ջամիլ Հասանլին։

«Երկրում սոցիալ֊տնտեսական իրադրության վատթարացումը նպաստում է իշխանությունների հեղինակության անկմանը։ Հետևաբար, նրանք ձգտում են կառավարության կողմից վերահսկվող ԿԸՀ֊ի օգնությամբ ձևական ընտրություններ անցկացնել ու իշխանությունն ևս յոթ տարի ընտանիքում պահել»,֊ Հասանլիի խոսքերն է փոխանցում «Թուրան» գործակալությունը։

«Մուսավաթ»֊ի նախկին առաջնորդ ու այդ կուսակցությունից նախագահի թեկնածու Իսա Գամբարը համոզված է, որ իշխող ռեժիմը հասկանում է՝ եթե ընտրություններն անցկացվեն հոկտեմբերին, ապա բնակչության սոցիալ֊տնտեսական ու քաղաքական դժգոհությունը կհասցնի ուժգնանալ․ «Նման իրավիճակում ընտրությունները կեղծելն ու բռնի կերխով իշխանությունը պահելը շատ ավելի բարդ կլինի»։

«Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին նույնպես քննադատել է արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը․ «Փաստորեն, հայր ու որդի արդեն 45 տարի ղեկավարում են երկիրը, ինչը հակասում է հանրապետության սկզբունքներին։ Իլհամ Ալիևը գիտեր, որ մինչև հոկտեմբեր ընդդիմությունն ընտրությունները կեղծելու դեմ երկարատև արշավ կնախապատրաստեր, ու որոշեց տեղափոխել ընտրությունները, որպեսզի կանխի ընդդիմության բողոքներն ու թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պահանջները։ Ալիևը չի ցանկանում, որ նախընտրական շրջանը երկար լինի ու ինքնակամ կրճատեց այն»։