Home / Ազգային ժողով / Դատապարտյալներին հանրությունից գաղտնի ներում կշնորհեն

Դատապարտյալներին հանրությունից գաղտնի ներում կշնորհեն

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Ներման մասին» նոր օրինագիծը, որով մեծացվում է վարչապետի դերը ներում շնորհելու գործընթացում և նվազեցնում է նախագահի դերը։

Եթե Հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, և Վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը կարող է միայն դիմել Սահմանադրական դատարան։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները կարծում են, որ սա հերթական օրենքն է նախագահի ինստիտուտը նսեմացնելու, մինչդեռ, Սահմանադրության համաձայն, նախագահին է վերապահված ներում շնորհելու իրավունքը։

«Նախագահը ուզենա֊չուզենա, եթե երեք օրվա ընթացքում չստորագրեց, իրականանում է վարչապետի կամքը՝ կամ ներում շնորհել կամ մերժել»,֊ ասել է «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը։

«Վարչապետի լիազորությունների այսպիսի ընդլայնումն աղետալի է լինելու Հայաստանի համար և որևէ կերպ համատեղելի չի ժողովրդավարության հետ։ Մենք դեմ ենք քվեարկելու», ֊ ասել է նույն խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։

Նոր «ներման օրենքով» նաև գաղտնի է դարձվում ներման գործընթացը՝ նախագահին չկաշկանդելու հիմնավորմամբ։

«Հրամանագրերը պետք է լինեն հրապարակային։ Հանրության տեղեկացված լինելու իրավունքը այնքան բարձր է, որ հանրությունը պետք է իմանա՝ Հանրապետության նախագահն ում է ներել, ում առաջարկությամբ է ներել, և այդ անձը ինչ հանցագործություն է կատարած է եղել և ինչ չափով է պատիժը կրել։ Ասենք՝ 10 տարի է դատապարտվել, 1 տարի է նստել, 2 տարի է նստել, նյութական վնասը հատուցել է, թե չէ», ֊ ասել է Էդմոն Մարուքյանը։

Սահմանափակվում է նաև ներման անկախ հանձնաժողովի դերը։ Ինչպես նշել է Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, անկախ հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական բնույթ է ունենալու և պարտադիր չէ, որ ընդունվի վարչապետի կամ նախագահի կողմից։

Օրենքի դեմ է քվեարկել «Ելք» խմբակցությունն ամբողջությամբ և 9 պատգամավոր՝ «Ծառուկյան դաշինք»֊ից։

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախկինում ընդունված ներման ակտերը հանրային մեծ դժգոհություն են առաջացրել, քանի որ հաճախ ներում է շնորհվել Սարգսյանի յուրայիններին։ Մասնավորապես, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ մոտ 290 մլն դրամ յուրացնելու մեղադրանքով 2012-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, 5 տարի անց ազատ է արձակվել՝ Սերժ Սարգսյանի ներումով։

ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (հայտնի է որպես Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը ևս ազատ է արձակվել Սերժ Սարգսյանի ներման շնորհիվ: