«Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամ Հասմիկ Սարգսյանի վրա փետրվարի 24-ի հարձակման դեպքի առիթով մինչև այսօր կասկածյալներ ներգրաված չեն։ Epress.am-ի հետ զրույցում կինը նշել է, որ հույս չունի, թե դեպքը կբացահայտվի ու մեղավորներին կգտնեն։
«Եկել են քննիչները, արձանագրություններ են կազմել ու վերջ», – ասել է Սարգսյանը։
Կինն ասել է, որ երբ ինքը քննիչներին պատմել է, թե ինչ է եղել և ըստ իրեն ինչն է եղել պատճառը («Սասնա ծռերին» աջակցելը), քննիչներն ասել են․ «Քո ընտրած ճանապարհն է, դու ես մեղավոր»։
Հիշեցնենք, որ Սարգսյանը բարձրաձայնել էր, որ փետրվարի 24-ին, երբ մոտեցել է իրենց տան շքամուտքին, իրեն մոտեցել է մի երիտասարդ և սուր-ծակող կտրող գործիքով հարվածել է իրեն, որի հետևանքով պատռվել է կնոջ բաճկոնը։
Կինն ընդգծում է, որ դա իր նկատմամբ կատարված արդեն 3-րդ մահափորձն է։ Առաջինը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Ժիրայր Սեֆիլյանի դատավարության ժամանակ, «երբ ոստիկանության բազմաթիվ ծառայողների աչքի առջև հանցագործը 7 սանտիմետր երկարություն ունեցող բիզ էր խրել Շենգավիթի դատարանի բակում կայանված իմ մեքենայի անիվի մեջ»։ Նրա փոխանցմամբ՝ երկրորդ մահափորձը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 12-ին՝ կրկին Շենգավիթի դատարանի բակում։ Բոլոր երեք դեպքերը նա կապել է «Սասնա ծռերին» ցուցաբերած իր աջակցության հետ։