«Պահանջում ենք արդար դատաքննություն», «Անտարբերությունը կարող է կյանք արժենալ», «Ոչ խտրականությանը», «Ատելությունը սպանում է» գրառմամբ պաստառներով և ատելության հիմքով հանցագործությունների դեպքում արդար քննության պահանջով ապրիլի 5-ին մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի առաջ։
Ակցիայի համար պատճառ են հանդիսացել վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած երկու դեպքերը․ նախ իր բնակարանում դաժան ծեծի է ենթարկվել տրանսգենդեր կինը, ապա Երևանի կենտրոնում՝ Կոնգրես հյուրանոցի մոտ, 35-ամյա տղամարդը դանակահարել է 15-ամյա տղայի՝ համարելով, որ նա նույնասեռական է։
«Մենք միշտ մտավախություն ունենք, որ այն դեպքերը, որոնք լինում են անձի սեռական կողմնորոշման հիմքով, դրանք կոծկվում, գնում են, քանի որ իրավապահ մարմինների կողմից չկա պատշաճ վերաբերմունք։ Վերջին երկու դեպքերը հատկապես արտառոց են, քանի որ եղել է ծանր մարմնական վնասվածք և հավանական է, որ կարող էր լիներ մարդասպանություն։ Եթե քննությունն արդար չգնա, ավելի ողբերգական վիճակում կհայտնվենք», – ասել է ակցիայի կազմակերպիչներից «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (Փինք Արմենիա) կազմակերպության անդամ Հովհաննես Իշխանյանը։
Նրա խոսքով՝ տրանսգենդեր կնոջ վրա հարձակումից և նրա բնակարանը այրելուց հետո սոցանցերում մի շարք օգտատերեր քաջալերել են հանցագործին․ «Երևի էս մեկն էլ մտածել է հերոս դառնա ու գնացել, դանակով հարվածել է 15-ամյա տղային։ Դատախազության գործն է, որ ասի՝ սրանք հերոս չեն, այլ հանցագործներ են»։
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ երկու դեպքերում էլ կասկածյալները ստորագրության դիմաց ազատ են արձակվել։ Ինչո՞ւ մարմնական ծանր վնասվածք հասցնելու դեպքում նրանց ազատ են արձակում, իսկ շատ դեպքերում, երբ կյանքի համար ոչ վտանգավոր հանցանքի է լինում, մարդկանց կարող են տարիներով բանտարկել։
«Կալանքը որպես խափանման միջոց կիրառելը դա ծայրահեղ միջոց է համարվում։ Այս պարագայում Հայաստանում առկա է համակարգային խնդիր։ Ցանկացած դեպքում հաշվի չեն առնվում գործի առանձահատկությունները։ Մարդիկ կալանավորվում են անգամ, եթե չկա դրա անհարժեշտությունը, կասկած կամ փաստ չկա, որ նա կարող է խուսափել քննությունից։ Հայաստանում շատ դեպքերում, երբ տրանս կամ նույնասեռական անձինք կասկածվում են որևէ թեթև հանցագործության մեջ, նրանց անմիջապես կալանավորվում են։ Իսկ 15-ամյա տղայի դեպքում, երբ անձն առանց որևէ դրդապատճառի ծանր վնաս է հասցրել առողջությանը, նրան ազատ են արձակում։ Նա ոչ միայն կարող է վնասել գործի քննությանը, այլ նաև ցանկացած պահի կարող է կրկնել հանցագործությունը», -ասել է կազմակերպության փաստաբան Հասմիկ Պետրոսյանը։
Ակցիայի վերջում կազմակերպության անդամները նամակ են հանձնել Գլխավոր դատախազություն։ Նամակում պահանջում են իրականացնել գործերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ առաջնորդվելով օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքով և ապահովելու համար յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը, ներդնել և վարել պատշաճ վիճակագրություն՝ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կանխարգելելու համար սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված իրավախախտումները։