հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մեդիա / «Սերժ, մենք սպասում ենք քեզ»․ Փաշինյանի ելույթը (թարմացվող)

«Սերժ, մենք սպասում ենք քեզ»․ Փաշինյանի ելույթը (թարմացվող)

23:00 Հանրապետության հրապարակի բազմահազարանոց ցույցը երթով շարժվել է դեպի Բաղրամյան 26՝ Սերժ Սարգսյանի նստավայր։ Այն ամբողջությամբ շրջափակված էր ոստիկանների մի քանի խմբերով։

Մի քանի րոպե այնտեղ մնալուց հետո երթը շրջադարձ արեց և հետ գնաց։ Նիկոլ Փաշինյան․  «Ես խոստացել էի, որ սրանից հետո Սերժ Սարգսյանը Հայաստանը տեսնելու է ոստիկանական վահանների ծակերից և մենք եկանք ստուգելու, թե արդյոք այդպես է, և տեսանք, որ այդպես է»։

22:41 Սերժ Սարգսյանը վստահ է՝ ցույցերը խանգարում են Հայաստանի տնտեսական աճին։ Մանրամասները՝ այստեղ։

22։00 Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 19-ի անելիքների մասին․

«Վաղը հույս ունեմ տեսնել Սերժ Սարգսյանի հարյույարվոր, հազարավոր լուսանկարներ դպրոցների պատուհաններից թռնելիս, 2-րդը՝ երեխաներ, անպայման շարունակեք դասադուլները։

Ժողովուրդ ջան, ինչ մայրուղի տեսնում եք, շրջափակեք։ Վաղը առավոտյան, ուղիղ 8-ին պետք է հավաքվեք այստեղ․ պետք է շրջափակենք մի քանի կառավարական շենքերի մուտքեր, որ աշխատողները չկարողանանա ներս մտնել։

Չեմ ասի, որ շենքերը, չեմ ասի, քանի որ շատ հնարավոր է՝ մենք Սերժ
Սարգսյանի համար անակնկալներ ենք նախապատրաստել։ Վաղը Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստն է, այ էն շենքում ժողովուրդ (մատնացույց է անում կառավարության շենքը)։

Արժի վաղը 8-ին գալ այստեղ»։

Հավաքվածներից մի քանիսը գոռացել են․ «Հիմիկվանից շրջափակենք շենքը»։

«Եկեք էմոցիաներին չդիմենք, ով ուզում է խնդիրը լուծի, եկեք առավոտյան 8-ին լինենք էստեղ։

Հիմա առաջարկում եմ նորից գնալ Բաղրամյան պողոտա։

Չենք ասի՝ ինչի համար ենք գնում, գնում ենք, հետ գանք, թե գնում ենք, մնանք, թե նստացույց անելու, չենք ասի։

Հույս ուեննք Սերժ Սարգսյանը ճնշման դեղի բավարար պաշար ունի։ Մենք նրան քաջառողություն ենք մաղթում»։

21։00 Նիկոլ Փաշինյանը խոսում է շարժման ռազմավարության մասին․ «Կոչ եմ անում բոլոր գյուղերի և փոքր քաղաքի բնակիչներին, որ ճնշումներ գործադրեն գյուղապետերի, վարչական շրջանների ղեկավարների, ավագանու անդամների վրա և նրանց պարտադրեն, համոզեն, պահանջեն, որ նրանք հանդես գան թավշյա հեղափոխությանը աջակցելու մասին պաշտոնական հայտարարություններով։

Այս պահից սկսած սա պետք է լինի Հայաստանի բոլոր գյուղերի և քաղաքների բնակիչների կոնկրետ լուծելու խնդիրը։ Կոչ եմ անում՝ ի գործ, ի գործ։ Գնացեք, և գյուղապետերին և ավագանու անդամներին ասեք․ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին»»։

Նախարարությունների և պետական գերատեսչությունների մասին

Փաշինյանը նաև անդրադարձել է պետական գերատեսչությունների արգելափակման հարցին․ «Պետք է կարողանանք այնպես անել, որ Հայաստանի յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության, վարչական շրջանների ղեկավարի աշխատակազմերի շենքերում, պետական բոլոր մարմիններում սկսվեն և տեղի ունենան հարյուրավոր քաղաքացիների նստացույցեր։

Ինչի մասին է խոսքը․ երբ մենք գնում ենք երթով դեպի նախարարությունների շենքեր, առաջին բանը, որ անում է իշխանությունը, կողպում է այդ շենքերը։ Մենք քաղաքացիներին կոչ ենք անում, երբ նրանք իրենց գործերով գնում են նախարարություններ, գերատեսչություններ կամ եթե գործ չունեն նույնիսկ որպես քաղաքացի, մուտք գործեք այդ շենքերի ներսը և բոլոր պաշտոնյաների կաբինետներում, միջանցքներում սկսեք նստացույց։

Որ տեղ չմնա Սերժ Սարգսյանի պաշտոնյաների համար նստելու և գործելու։ Սա պետք է լինի իշխանափոխության մեր ռազմավարությունը։

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանի նախարարը մտնում է իր աշխատասենյակ, բայց այնտեղ նույնիսկ նստելու տեղ չունի։

Հաջորդը՝ այնպես անենք, որ նստելու տեղ չունենա անգամ Սերժ Սարգսյանը։ Նա Հայաստանի Հանրապետությունում պետք է չունենա կաբինետ»։

Ուսանողների և դպրոցականների մասին

«Մեզ մեղադրում են, որ մեր շարժմանը մասնակցում են անչափահասներ և դպրոցականներ։ Նախ՝ «Հայաստանի Հանրապետության հավաքների մասին» օրենքը որևէ կերպ չի սահմանափակում անչափահասների մասնակցությունը հավաքներին։

Այսօր ԿԳՆ֊ն կոչով դիմել է մեզ, թե դպրոցականներին մի՛ ներքաշեք քաղաքական գործընթացների մեջ։

Նախ՝ մենք դպրոցականներին որևէ բանի մեջ չենք ներքաշում, մեր երեխաները կարող են իրենք իրենց համար որոշումներ կայացնել։

Մեր օրենսդրությամբ անչափահասները նույնիսկ կարող են զանգվածային միջոցառումների կազմակերպիչների դերում հանդես գալ։

Ուզում եմ հիշեցնել ԿԳՆ-ին՝ ինչի՞ չէիք մտածում երեխաների մասին, երբ ստիպելով, հանրապետականների փուչիկները ձեռը տալով երեխաներին քշում էիք Սերժ Սարգսյանի էժանագին քարոզչությանը։

Ես հիմա կոչով դիմում եմ Հայաստանի բոլոր դպրոցականներին։ Երեխեք ջան, ձեր բոլոր դպրոցներից հանենք Սերժ Սարգսյանի կախված նկարները և շպրտեք պատուհաններից։ Դուք եք էս երկրի վաղվա օրը»։

Դիմելով ուսանողներին՝ նա հայտարարել է, որ նրանք են շարժման գլխավոր շարժիչ ուժը։

Ձերբակալվածների մասին

Նա խոսել է Տիգրան Մազմանյանի և Էրիկ Խաչատրյանի մասին, որոնց ձերբակալել են Հանրային ռադիոյի շենքի մոտ անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։

«Դա ամոթալի որոշում է․ քանի որ ռադիոյի հետ կապված բոլոր որոշումները կայացրել եմ անձամբ ես։ Եթե բան ունենք ասելու, ասեք անձամբ ինձ։ Եվ անհապաղ բաց թողեք այդ տղաներին»։

Սերժ Թանկյանի մասին

Նա նշել է, որ, իրենց տեղեկություններով, Սերժ Թանկայնը և Շառլ Ազնավուրն իրենց երեկվա կոչը լսել են, որով հրավիրում էին Հայաստան․ «Եվ հիմա կսպասենք նրանց արձագանքներին»։

Նա ասել է, որ հենց հիմա Թանկյանն ուղիղ եթերով հետևում է իրենց․ «Սերժ, մենք սպասում ենք քեզ»։

Հավաքվածները սկսել են վանկարկել․ «Սերժ Թանկյան»։

Նիկոլ Փաշինյանը մեջբերել է հանրահավաքի պահին Թանկյանի արված գրառումը․ «Հայաստաում ինչ֊որ անհավանական բան է կատարվում։ Վերջապես քաղաքացիական անհնազադությունն աճում է և ձեռք է բերում աշխատավորական և ուսանողական բողոքների ձև՝ ընդդեմ կոռումպացված էլիտայի»։

Փաշինյանն ընդգծել է, որ «սա պոզիտիվ բան է և կարող ենք հույս ունենալ, որ նա ելույթ կունենան այս ամբիոնից»։

 

20։45 Նիկոլ Փաշինյան․ «Մեր հայատարած հեղափոխությունը ալիքաձև տարածվում է ՀՀ և ողջ Սփյուռքում։ Մեզ իրենց աջակցության խոսքերն են ասում հայտնի մտավորականներ։

Այս գործընթացն ամեն օր նոր ծավալներ պետք է ստանա, և Սերժ Սարգսյանն պետք է իրեն մեկսուացած զգա նոփ֊նոր սեփականաշնորհված իր առանձնատանը։ Այսօր Մարսելում (Ֆրանսիա) և Գյումրիում տեղի է ունեցել թերևս ամենասիմվոլիկ ակցիան․ Մարսելի մեր հայարենակիցները մուտք են գործել Հայաստնի հյուապտոսության շենք, հանել են Սերժի լուսանկարը և դրսում հրապարակիային այրել են, իսկ Գյումրիում Հայկ Բարսեղյանը մուտք է գործել ուսումնական հաստատություններից մեկը և դուրս բերել Սերժ Սարգսյանի լուսանկարը։

20։40 «Մերժիր Սերժին» նախաձեռնության ներկայացուցիչ Մարիա Կարապետյան․ «Ուզում եմ խոսքս ուղղել իմ քույրերին, ովքեր այս օրերի ընթացքում ձեռք ձեռքի տված, իրար կողքի տարել են կրկնակի պայքար՝ պայքար Հայաստանում իշխանության փոփոխության համար և իրենց հանրային տարածքում հավասար իրավունքների համար։ Կեցցեք քույրեր»։

20։30 «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն ասել է, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն, սփյուռքահայերից մեկը հայտարարել է, որ առաջին ոստիկանին, որը կիմանա շարժմանը, կտրամադրվի 10 հազար դոլար։

Հաջորդներին նախատեսում են 2000-ական դոլար տալ։

20:00 Հանրապետության հրապարակում երկրորդ օրն է բազմահազարանոց հանրահավաք է ընթանում։

Հանրահավաքի ժամանակ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանսարյանը հայտարարել է, որ այսօր գործադուլի սեփական կոչով իրենց միացել է բժշկական կազմակերպություններից մեկը։

Սանասարյանի խոսքով՝ այսուհետ իրենք հայտարարելու են նման դեպքերի մասին և կոչ անելու ժողովրդին գործադուլից հետո օգտվել այդ կազմակերպությունների ծառայություններից։

18:56 Լրագրող Գայանե Աբրահամյան․ ֆեյսբուքից․ Պարզվում է Մասիվի ոստիկանական բաժնում մեզ բոլորիս, այդ թվում ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանին ստել են և ասել, որ բաժնում մնացել են ընդամենը 3 երեխա, մինչդեռ պարզվում է 13-ը դեռ այնտեղ են։

17։45 Այսօր Երևանի տարբեր ստորաբաժանումներ են տարվել 84 քաղաքացի։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվական բաժնից։ «Նրանցից 30-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ և նրանց բաց են թողնվել։ 54 անձինք հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել են նախաքննություն իրականացվող մարմնին», ֊ ասել են ոստիկանությունից։

Վարդան Ջալոյան․ ֆեյսբուքից․ Ինչը դուրս չի գալիս. խոստումներ չկան: Շատ կարևոր է շատ կոնկրետ սոցիալական խմբերի վիճակի բարելավումը: Հիմա, անհապաղ։ Շատ կարևոր է ցույց տալ և ԱՆԵԼ. օգնել ինչ որ մի սոցիալական խմբի։

16։52 Ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված 7 հոգու առանց պատճառաբանության պահել են 5-6 ժամ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է բերման ենթարկվածներից մեկը, որը խնդրել է չհրապարակել իր անունը։

Նրանց 11։00-ի սահմաններում բերման են ենթարկել Ֆրանսիայի հրապարակից։

16։50 «Մերժիր, Սերժին» շարժման ակտիվ մասնակիցներից են նաև բնապահպանները։ Այսօր նրանք հավաքվել են Թեղուտի անտառում 3 տարի հանք շահագործած «Վալլեքս գրուպ» ընկերության գրասենյակի մոտ։

«3 տարի շահագործումից հետո՝ պրավալ են տվել բոլոր առումներով՝ և՛ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ էկոլոգիական։ էս հիմնարկությունը պատասխան է տալու սերունդների առաջ», ֊ շենքի մոտ հայտարարել է բնապահպան Լևոն Գալստյանը։

https://www.facebook.com/hovokazaryan/videos/1723521081075091/

Բնապահպանները նաև գնացել են Բնապահպանության նախարարության շենքի մոտ՝ բողոքելով պետական անգործության դեմ բնության պահպանության հարցում։

16։27 15։10-ի սահմաններում Գյումրիի կենտրոնական հրապարակից՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի մոտից, բերման են ենթարկվել 3 քաղաքացիներ։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները նրանց տարել են «Կումայրի» բաժին։ Այս պահին ցուցարարները նստած են Վարդան Աճեմյանի անվան թատրոնի մոտ, սպասում են մինչև կլրանա ոստիկանության բաժանմունքում պահելու օրենքով նախատեսված երեք ժամը։

16։21 Հազարավոր մարդիկ շրջափակել են Արտաքին գործերի նախարարությունների, Կրթության և գիտության, Արդարադատության նախարարության շենքերը։ Նիկոլ Փաշինյանը բարձախոսով դիմել  է նախարարությունների աշխատակիցներին՝ կոչ անելով նրանց դուրս գալ փողոց։ Ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 19։00-ին մեկնարկելիք հանրահավաքին ընդառաջ հեռանում է խորհրդակցության։

16։20 ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Azatutyun.am֊ի հետ զրույցում կոչ է արել Նիկոլ Փաշինյանին դադարեցնել հանրահավաքները և վերադառնալ Ազգային ժողով։ ՀՀԿ֊ականի այս կոչին և դպրոցականներին գործողությունների մեջ ներքաշելու մեղադրանքին ՝ Փաշինյանն ասել է․ «Ես ոչ մեկին չեմ ներգրավում։ Հայաստանի քաղաքացիներն իրենք են ներգրավվում մեր շարժմանը։ Եթե ներգրավող կա, էդ հանրապետականներն են, որ բոլոր կրթօջախները դարձել են հանրապետական որջ»։

Ինչ վերաբերում է Շարմազանովի երկխոսության հրավերին՝ Փաշինյանն ասել է․ «էսքանից հետո ի՞նչ երկխոսություն»։

16։10 88 դպրոցից բերման ենթարկված անչափահասներին սկսել են բաց թողնել ոստիկանական բաժանմունքից։

Ֆեյբուքից․ «սերժին էս պահի դրությամբ շնորհավորել են պուտինը, Վրաստանի վարչապետ կվիրիկաշվիլին, բակո սահակյանը, արմեն սարգսյանը, գարեգին բ-ն և իհարկե ռոբերտ քոչարյանը։ Ինչպիսի՜ խորհրդանշական ցանկ»։

14։36 Նիկոլ Փաշինյանը կոչ է արել այսօր՝ 19։00-ին, հավաքվել Հանրապետության հրապարակում։

Ֆեյսբուքից․ Որոշ նախարարություններում ՖԲ-ն, Ազատություն ռադիոկայանը և յութուբը անջատել են։ Բնականաբար էդ մարդիկ երեկոյան գալու են Հանրապետության հրապարակ ամեն ինչ իմանալու։

Մասնակից․ Ակտիվներից պահանջվում ա ընդամենը կայծ տալ, ու մարդիկ շատ արագ ինքնակազմակերպվում են, Մաշտոցը հենց նոր 3 անգամ բացվեց փակվեց, ու շարունակվում ա, ոստիկանների լեզուն դուրս ա ընկել։

14:18 Մոսկվայում բերման են ենթարկել Հայաստանի դեսպանատան մոտ Սերժ Սարգսյանի դեմ ակցիայի մասնակիցներից երեքին։ Բերման ենթարկվածներից Տիգրանը, որը գտնվում է ոստիկանական բաժանմունքում, Epress.am-ին հեռախոսով հայտնեց, որ իրենց ուզում են մեղադրել «խուլիգանության» հոդվածով։ Այս պահին բերման ենթարկվածները սպասում են փաստաբաններին։

14։02 Ժամը 14։00 դրությամբ ոստիկանության լրատվության բաժնից Epress.am-ին հայտնել են, որ Երևանի տարբեր մասերից բերման են ենթարկել 72 քաղաքացիների, այդ թվում վեց անչափահասների։

14.01 Դասադուլի մասնակիցները առ ժամանակ փակել են Գրիգոր Լուսավորիչ֊Արշակունյաց խաչմերուկը ի նշան սոլիդարության Գավառի համալսարանի ուսանողների և դասախոսների։ «Մենք տեղեկություն ունենք, որ Կապանի համալսարանում իշխանությունը ուսանողներին և դասախոսներին բռնի ուժով պահում է համալսարանի ներսում։ Դռները փակել են, և փաստացի նրանք ներսում դասադուլ են իրականացնում։ Հայաստանի քաղաքացու առաջ, ոչ ոք չի կարող դռներ փակել»․ – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթին զուգահեռ մի խումբ ակտիվիստներ փակել են Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակ մտնող և Թումանյանի խաչմերուկի հատվածները։ Այստեղ են նաև սև դիմակներով ոստիակնները, որոնք պարբերաբար ուժ են կիրառում և մարդկանց հանում դեպի մայթեր։

Երթը հասավ կրկեսի շենքի մոտ, մարդիկ նստեցին։

Լրագրող Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքով դիմել է պատգամավորներ Էդմոն Մարուքյանին, Մանե Թանդիլյանին, Արտակ Զեյնալյանին, Նաիրա Զոհրաբյանին, Իվետա Տոնոյանին և Լուիզա Սարգսյանին․ «Այս պահին, անկախ ձեր վերաբերմունքից տվյալ քաղաքական, քաղաքացիական շարժմանը, խիստ անհրաժեշտ է ձեր ներկայությունը, աջակցությունը Ոստիկանական բաժանմունքներում, որտեղ զանգվածաբար, ուժի կիրառմամբ ու բռնությամբ բերման են ենթարկվել ուսանողները, անչափահաս աշակերտները: Սա չափազանց կարևոր է` կանխելու հնարավոր որևէ բռնություն և անօրինական գործերի հարուցում»:

Դանիել Իոաննիսյան․ «Հենց նոր Քննչական Կոմիտեից ինձ պաշտոնապես հաստատեցին, որ երեկ Թումանյան-Մաշտոց խաչմերուկում լուսաֆորներ կոտրած, ոստիկանների վրա հարձակված երիտասարդները բերման չեն ենթարկվել, իսկ բերման ենթարկված երիտասարդները ազատ են արձակվել:

Խաղաղ ցուցարարներին տանում են բաժին, իսկ սադրիչ հանցագործներին՝ ոչ #ՀՀ_իրավապահ_համակարգ

ՃՇՏՈԻՄ. ես սխալ էի հասկացել իրավիճակը և պարզվեց, որ հարձակում գործած անձանց նույնիսկ բերման չեն ենթարկել, իսկ բերման ենթարկվածները հարձակում գործողները չեն, (դրա համար խմբագրեցի ստատուսս) սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում»։

13։44 Այս պահին ցույցը նախկին կինոթաթրոն՝ այժմ առևտրի կենտրոն «Ռոսիայի» մոտակայքում են։ Դրանից առաջ երթը կանգնել էր Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ և կոչ արել ուսանողներին միանալ։

«Հարցը ունի երկու կողմ։ Մեծագույն խայտառակություն է, երբ որևէ ուսումնական հասատատության դռները փակվում են չափահաս մարդկանց առաջ։ Ի վերջո, ուսանողների մեծ մասը չափահաս մարդիկ են։ Սա Սերժ Սարգսյանի և հանրապետականի ստեղծած ստահոդ պետության կարևորագույն սիմվոլներից մեկն է։ Մենք ուզում ենք կոչ անել՝ զգուշացնել բոլոր բուհերի ռեկտորներին, ԿԳՆ նախարարին կոչ ենք անում վերջ տալ այդ պրակտիկային», – ԵՊՀ֊ի առաջ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

11։45 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին ասել է, որ ոստիկանությունը բացում է փողոցները, որոնք քաղաքացիներն իրավունք չունեն փակել։

11։41 Նիկոլ Փաշինյանն ասել է հավաքի մասնակիցներին, որ իրեն տեղյակ են պահել, թե բերման ենթարկվածները շուտով ազատ կարձակվեն։

11։40 Ոստիկանները բացում են երթի մասնակիցների ճանապարհը։

11։35 Ֆրանսիայի հրապարակն արգելափակած ոստիկաններից Փաշինյանը պահանջել է բացել ճանապարհը՝ նշելով, որ ինքը երթ է իրականացնում։ Ոստիկաններից մեկը պահանջել է երթուղին ասել, իսկ Փաշինյանը նշել է, որ կոնկրետ երթուղի չունեն, իսկ այս պահին ուղևորվում են դեպի Շրջանային։ Ոստիկանը հինգ րոպե է խնդրել՝ պատասխան տալու համար։

11։25 Վահաններով և մահակներով զինված ոստիկանները կանգնած են Ֆրանսիայի հրապարակում։ Նրանք շարունակում են բերման ենթարկել երիտասարդներին։

11։23 Մաշտոցի պողոտայում և Ֆրանսիայի հրապարակում սկսել են մարդկանց բերման ենթարկել։ Մասնավորապես, բերման ենթարկվածների թվում է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Նախնական տեղեկություններով՝ նրանց տարել Կենտրոնի բաժին։

11։18 Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ իջնում է Բաղրամյան պողոտայով։ Նա ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ գալու  նպատակն էր կրկին այնպես անել, որպեսզի Բաղրամյան 26-ը պատեն փշալարերով և Սարգսյանը փշալարերի հետևից տեսնի Հայաստանը։ Նա մատնացույց է արել ոստիկաններին, որոնք պատ էին շարել Սերժ Սարգսյանի նստավայրի դարպասի մոտ և ասել է, որ այդ վայրում նման պատկեր պիտի լինի։

11։11 Բաղրամյան 26-ի մոտ են բերվում մեծ թվով ոստիկաններ։

10։52 Ցուցարարները հասել են Սերժ Սարգսյանի նստավայր՝ Բաղրամյան 26։ Մարդիկ արգելափակել են նստավայրի դարպասները Բաղրամյան պողոտայից։

10:45 Ցուցարարները Փաշինյանի գլխավորությամբ շարժվում են Բաղրամյան պողոտայով։ Ըստ պատգամավորի տեղեկությունների՝ տարբեր ուսումնական հաստատությունների դռներ են փակել՝ թույլ չտալով սովորողներին մասնակցել ցույցերին։ Երթը վանկարկում է «Ազատ, անկախ ուսանող», «Միացեք»։

10։07 Ֆրանսիայի հրապարակ ժամանեց Նիկոլ Փաշինյանը։ Նա մի քանի տասնյակ մարդկանցով արդեն իսկ սկսել է գործողությունը՝ փակելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի մասը։

10։00 Մարդիկ քաղաքի տարբեր հատվածներից շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Գալիս են նաև մարզերից։ Մոտ երկու հարյուր մարդ այս պահին արդեն հավաքված է Երևանի կենտրոնում՝ Օպերայի շրջակայքում։

Գյումրիի ավագանու անդամ, լրագրող Լևոն Բարսեղյանը , իր հերթին, կոչ է արել նոր ակցիա սկսել ուսումնական հաստատություններում՝ «Հանի՛ր Սերժին»։ Մանրամասները՝ այստեղ։

Լուսանկարը երեկվա հանրահավաքից

09:40 Ոստիկանական ուժերը հանվել են Պռոշյան փողոցից և Բաղրամյան պողոտայից։ Ոստիկանությունը երկու օր արգելափակված էր պահում Ազգային ժողովը, որտեղ ապրիլի 17-ին պատգամավորները 77 կողմ, 17 դեմ ձայներով վարչապետ են հռչակել Սերժ Սարգսյանին։

09:30 #ԻմՔայլը և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները շարունակում են պայքարը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Երեկ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մեկնարկի մասին՝ առաջարկելով ժողովրդական թավշյա հեղափոխության կոմիտե ստեղծել և շարունակել շրջափակել կառավարական շենքերը։ Նա մարդկանց կոչ է արել այսօր՝ ժամը 10։00֊ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։

Երեկվա իրադարձությունների տեքստային և վիդեո հեռարձակումը՝ ԱՅՍՏԵՂ