«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի վարչության անդամ է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում և Սփյուռքում ապրող, տարբեր ոլորտներում հայտնի ու հաջողությունների հասած մասնագետների, «մտածող ու երազող քաղաքացիների» հրավիրում է առաջիկայում կազմակերպվելիք ֆորումներին մասնակցելու և ներկայացնելու իրենց փոփոխությունների ծրագրերն ու առաջարկները:
«Համաժողովրդական շարժումն ունեցել է հազարավոր կազմակերպիչներ ու տասնյակ հազարավոր մասնակիցներ: Նոր Հայաստանի կերտումը նույնպես պետք է լինի հազարավոր մարդկանց մտքերի ու ձեռքերի աշխատանքը:
Նիկոլ Փաշինյանն ու Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունն ունեն կամք ու եռանդ հետևողականորեն իրականացնելու մեծ և կարևոր փոփոխություններ Հայաստանում և, անչափ ուրախ ենք, որ այս գործում իրենց մասնակցությունն են ուզում ունենալ նաև Հայաստանում և Սփյուռքում տարբեր ոլորտներում հայտնի ու հաջողությունների հասած մասնագետներ, մտածող ու երազող քաղաքացիներ:
Մեզ համար իրապես կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը, գիտելիքը, փորձը և երազանքը և, մեր պարտավորությունն է ստեղծել հարթակ, որպեսզի յուրաքանչյուրը իր փոփոխությունների առաջարկը պատշաճ կերպով ներկայացնելու հնարավորություն ունենա:
Այդ իսկ նպատակով շուտով կազմակերպելու ենք ֆորում/ներ, որպեսզի ցանկացողները կարողանան ներկայացնել իրենց և իրենց փոփոխությունների ծրագրերն ու առաջարկները:
Ֆորումի մասին մանրամասն տեղեկություններ կհաղորդենք կազմակերչպական հարցերը լուծելուց հետո», – նշված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցույթան պատգամավոր Լենա Նազարյանի ֆեյսբուքյան հայտարարության մեջ։