Քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանն այսօր ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Նրա պաշտպանները՝ Կարեն Մեժլումյանը և Ինեսսա Պետրոսյանը, դատավորին միջնորդություն էին ներկայացրել փոխել նրա խափանման միջոցը, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարել է։
«Սերժ Սարգսյանը, որի պատվերով էր, մեր համոզմամբ, Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ նման ծանր հոդվածներով քրեական հետապնդում իրականացվել, ժողովրդական ճնշման հետևանքով հրաժարական է տվել․․․ Երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, ինչը որ մեղմում է այն ռիսկերը, որով որ դատարանը կարող էր խնդիր տեսնել Ղուկասյանի ազատ արձակելու հետ կապված», – իր ելույթում, մասնավորապես, նշել էր Մեժլումյանը։
«Հարգելի՛ դատավոր, բախտի բերմամբ Ձեզ վիճակվեց, որ Հայաստանի դահիճ իշխանություններից ձերբազատվելուց հետո առաջինը լինեք, որ ազատեք քաղաքական բանտարկայլներին», – ասել է Ինեսսա Պետրոսյանը։
Դահլիճում գտնվողները վանկարկել են «ազատությո՜ւն» և ծափահարել։
Մեղադրող դատախազ Պետրոսյանը, սակայն, առարկել էր՝ նշելով, որ միջնորդությունն անհիմն է։ Նրա խոսքի ժամանակ դատարանում ներկաները վանկարկել են «ամո՛թ, ամո՛թ»։
Անդրեաս Ղուկասյանը կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 26-ին՝ «Սասնա ծռեր» խմբին աջակցության ակցիայից հետո։ Այդ օրը ձերբակալվել էր 8 անձ, որոնցից 7-ն ազատվել էին գրավի դիմաց, իսկ Ղուկասյանի խափանման միջոցը դատարանը չէր փոխել։ Սկզբում Ղուկասյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով։ Ապա նրա մեղադրանքը ծանրացվել էր՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, պատանդ վերցնելը։
Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունել։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն Անդրեաս Ղուկասյանին համարում է քաղբանտարկյալ։