Home / Բնապահպանություն / 660 քառակուսի կիլոմետրի վրա 14 հա՞նք․ մեղրեցիները բոյկոտում են նոր ծրագիրը

660 քառակուսի կիլոմետրի վրա 14 հա՞նք․ մեղրեցիները բոյկոտում են նոր ծրագիրը

Մեղրի համայնքի բնակիչները բոյկոտում են «Նիգ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թաղամիրի ոսկու հանքավայրը շահագործելու վերաբերյալ հանրային լսումները։ Այս մասին հաղորդում է MeghriNews.com֊ը։

Այսօր պետք է կայանար ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները։ Մեղրեցիները հանքարդյունահանողներին դիմավորել են «Մենք ենք տերը մեր երկրի», «Նոր հանք չի բացվելու, էղածն էլ՝ փակվելու է», «Հեռացե՛ք» վանկարկումներով։

«Վարդանաձոր գյուղում էլ եկան, ուզում էին հանք բացել։ Ասեցին՝ ջուրը կտրելու ենք։ Դու առաջինը չես, մենք նրանց էլ ուղարկեցինք», ֊ ասել է մի մեղրեցի՝ դիմելով «Նիգ Մայնինգ»֊ի ներկայացուցչին։

Այդպիսով, այսօրվա հանրային լսումները խափանվել են։ Ավելի ուշ Մեղրիի համայնքապետարանը տեղեկացրել է, որ Մեղրիում կայանալիք վաղվա քննարկումը նույնպես չի կայանալու՝ հաշվի առնելով այսօր Մեղրի համայնքի բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիան։

Բոյկոտի մասնակիցները որոշել են վաղն էլ գնալ Տաշտուն բնակավայր և խափանել նաև այդտեղ ՝ վարչական ղեկավարի նստավայրում «ԱՏ Պլյուս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրի ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ քննարկումը։

«Ուղիղ վեց ամիս աշխատացնում էին Տաշտունի գործարանը և ցույց էին տալիս ժողովրդին, որ ընդերքից ոչ մի եկամուտ չունեն։ Անձամբ ես աշխատել եմ ընդեղ 4 ամիս։ Ցույց էին տալիս, որ չեն կարողանում ոսկի հանել։ Պարզեց, որ ոսկին հանում տանում էին սարից»,֊ ասել է մեղրեցիներից մեկը։

Մեղրեցիներն ասել են, որ իրենց տարածաշրջանում գտնվող Լիճքի հանքի բացումից հետո բնությանը մեծ վնասներ են հասցվել։

«660 քառ կլիոմետր տարածքը չի կարող էդքան հանքեր տանել, հասկանում եք դո՞ւք։ Այդ չափի տարածքի վրա 14 թույլտվություն են տվել։ Հլը բաժանեք։ Սովետի ժամանակ հիմա՞ր էին, որ չէին բացում։ Հիմա միանգամից ուզում են լափել, չի կարելի»,֊ ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

https://www.facebook.com/MeghriNews/videos/1957728990913331/UzpfSTUwODAxNDUyNTg4NDc5MjpWSzoxOTU3NzI4OTkwOTEzMzMx/