Մայիսի 6-ին Հայաստանի հյուսիս֊արևելքում գտնվող «Մեհրաբ» զորամասում մահացած ժամկետային զինծառայող Լևոն Թորոսյանի ծնողներն այսօր՝ Կառավարության շենքի մոտ, սպասում էին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին , սակայն վերջինս Կառավարության հետևի մուտքով դուրս էր եկել՝ չհանդիպելով ծնողներին։
Լևոն Թորոսյանի մայրը՝ Արմենուհի Պողոսյանն ակնկալում էր, որ Պաշտպանության նախարարը կմոտենար և կխոսեր իր հետ, դեպքի բացահայտման մեխամիզմների մասին որևէ տեղեկություն կտար։
Սակայն իմանալով, որ Դավիթ Տոնոյանը Կառավարության հետևի մուտքից հեռացել է, նա իր համագյուղացիներին և առհասարակ բոլոր ապագա զինվորների ծնողներին հորդորել է իրենց երեխաներին չթողնել մասնակցել ամառվա զորակոչին, մինչև բանակում չբացահայտվեն սպանության բոլոր դեպքերը։
«Ավելի լավ է մեր երեխեքը բանակից փախնելու համար բանտ գնան, քան՝ բանակ ծառայեն։ Պետք է պարզեն, թե ինչ պայմաններ են բանակում, աֆիցեռները խմած, ուռած անմարդկային վերաբերմունք են ցույց տալիս զինվորների նկատմամբ։ Ես պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ինձ հետ հանդիպի, նա պետք է բանակում սպանդի վերջը դնի»,֊ լրագրողների հետ զրույցում ասել է Արմենուհի Պողոսյանը։
Լևոն Թորոսյանի հոր՝ Արսեն Թորոսյանի խոսքով՝ իրենց որդու մահը որակել են ինքնասպանություն նաև այն պատճառով, որ եթե պարզվի, որ սպանություն է եղել, պետությունը պարտավորվում է 52 մլն դրամ փոխհատուցում տալ։
«Մենք էդ գումարի կարիքը չունենք, մեզ պետք չի, մեզ պետք է, որ մեր երեխայի սպանության իսկական մեղավորներին բացահայտեն»,֊ ասել է Արսեն Թորոսյանը։
Կառավարության շենքի մոտ հավաքված էին նաև բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները, որոնք տարիների շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում կառավարական շենքերի մոտ։
Նրանք պահանջում են, որ նոր ձևավորված Կառավարությունը հեռացնի և պատժի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին և նախկին Գլխավոր դատախազ, ներկայումս ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանին։ Ծնողների խոսքով՝ նրանք կոծկում են իրենց որդիների սպանության դեպքերը։