Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հունիսի 8-ին բավարարել է «Սասնա Ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Արամ Մանուկյանի համար դատարան երաշխավորագիր էին ներկայացրել «Ծառուկյան դաշինք» և «Ելք» խմբակցության 9 պատգամավոր։ «Ելք»֊ի երկու պատգամավոր՝ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը նաև դատարանին վճարել էին 500 հազարական դրամ։
Դատարանն այսօր փոխել էր նաև «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի խափանման միջոցը և համաձայնել նրան արձակվել կալանքից 500 հազար դրամ գրավի մուծելու պահից։ Դատավոր Արշակ Վարդանյանը հաշվի էր առել Հակոբյանի առողջական վիճակը։
Հիշեցենք, որ Հակոբյանի վիճակը մի քանի անգամ վատացել է, այդ թվում՝ նաև դատական դահլիճում, սակայն դատարանը հրաժարվել էր նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Այս առթիվ Հակոբյանի պաշտպանները դիմել էին նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը հաղորդակցել է բողոքը և պահանջել Հայաստանին պատասխանել արդյոք Հակոբյանը զերծ է խոշտանգումներից և կալանքի ընթացքում ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, արդյոք հիմնավոր է Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելը։
Ավելի վաղ ազատ էին արձակվել «Սասնա ծռերի» անդամներ Արեգ Կյուրեղյանը և Տիգրան Սարգսյանը։