Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը իր ֆեսբուքյան էջում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին կառավարության ընդունած կուտակային կենսաթոշակի համակարգը պահպանելու որոշումը։ Կուտակայինի պարտադիր բաղադրիչը ուժի մեջ է մտնելու հուլիսի մեկին։
Համարելով, որ հարցի հանդեպ հանրային դժգոհությունը պայմանավորված է նոր հարկային բեռի տակ չընկնելով՝ Կառավարությունը որոշել է կենսաթոշակային ֆոնդերին վճարել Պետական բյուջեից։ Այսպես, եթե նախկին որոշմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը պետք է կենսաթոշակային ֆոնդին հանձներ իր եկամտի 10 տոկոսը (5 տոկոսը վճարում է անձը), ապա նույն 10 տոկոսը կձևավորվի հետևյալ կերպ․ 2,5 տոկոսը՝ քաղաքացին, 7,5-ը՝ պետությունը։
Ըստ Բագրատյանի՝ առաջանում են հետևյալ հարցերը․
1. Զարգացման մեր մակարդակում, երբ մասնավոր սպառումը հաճախ գերազանցում է ՀՆԱ-ն, նման հանդուգն կուտակում կատարելը տրամաբանական չէ։ Մենք թաղված ենք միջնաժամկետ և միջին երկարաժամկետ (համենայն դեպս 45 տարուց պակաս) պարտքերի մեջ։ Բայց արի ու տես երկարաժամկետ պարտք ենք տալիս։
2. ՀՀ այսօրվա բյուջեն հիմնականում պետական ոլորտում զբաղվածների աշխատավարձն է ու կենսաթոշակները։ Երբ մենք բյուջեից 5-6%-ը հանում ենք, ապա հարաբերականորեն իջեցնում ենք այս մարդկանց աշխատավարձը կամ թոշակը։ Ստացվում է՝ այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր (որոնք այսօր աշխատում են)։ Սա անթույլատրելի է։ Սովորաբար աշխատողներն են պահում չաշխատողներին։ Արդյոք սա պոպուլիստական նվեր չէ հեղափոխություն արած ջահելությանը։ Բա տարիքավորնե՞րը (30-ից բարձրերը), բա ծերե՞րը։ Էլ ո՞ւր մնաց սերունդների համերաշխությունը։ Մենք նրանց իրար դե՞մ ենք հանում։
3. Փողը դուրս է տարվում 45 տարով։ Բայց ներդրվում է միջնաժամկետ արժեթղթերում (մինչև 10 տարի) կամ էլ միջին երկարաժամկետներում (մինչև 20 տարի)։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք 45 տարով տալիս։ Ինչո՞ւ չենք կապիտալիզացնում յուրաքանչյուր 10 կամ 20 տարին մեկ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ աշխարհում 30 տարուց բարձր ռեգուլյար արժեթղթեր չկան։ Նայեք ԱՄՆ-ին. 10 տարին մեկ կապիտալիզացնում է։ Նույնիսկ Չիլին, որից իբր թե համակարգը փոխառել ենք՝ 20 տարուց մի փոքր ավել (ի դեպ, Չիլին վերջերս մտցրել է աշխանքային կենսաթոշակ, մերձբալթյան հանրապատություններն իրենց վերջին տարիների ցածր տնտեսական աճը բացատրում են կուտակայինով)։ 45 տարի տնտեսական հորիզոն չկա, քանզի շղթայական ինդեքսները այդքան երկար ժամկետի համար գնաճի կամ արժույթի փոխարժեքի մեծ տատանումներ են տալիս։ 45 տարի հետո մենք չենք կարող իրար հանդիպել և ասել, ով էր ճիշտ և ով էր սխալ։ Մենք պարզապես չենք լինի:
Այս ամենը չի քննարկվել։ Կավարության նիստում ասած քո բառերը (անցել ենք անդառնալիության կետը) տեղին չեն։ Այս հարցում անդառնալիության կետ չկա։ Կամ էլ թե իբր հիմա վստահության իշխանություն է, ուրեմն կարելի է։ Այն, որ վստահության իշխանություն է, համաձայն եմ (առայժմ)։ Բայց այս հարցում վստահությունը կամ անվստահությունը ի՞նչ կապ ունեն։ Եթե այս համակարգը քո տարբերակով ընդունվի, ապա առաջիկայում կարող ենք Ղարաբաղ էլ կորցնել, հայրենիք էլ։ Ի՞նչու։ Որոովհետև հաշվի, որ մի հատ մարզ տնտեսական շրջանառությունից հանում ես։ Խնդրեմ՝ նստենք հեռուստացույցի առաջ բանավիճենք։ Կամ էլ, նկատի ունենալով, որ ի վերջո փողը մի սերնդից փոխանցում ես մյուսին, ինչո՞ւ չդնել հանրաքվեի։ Քո իշխանության գալը ժողովրդավարության հիանալի օրինակ էր։ Դե դա գործով ապացուցիր. դիր հանրաքվեի», – գրել է Բագրատյանը։
Նա նշել է, որ փորձել է այս ամենն ասել Փաշինյանին հեռախոսով, սակայն վերջինս զանգերին չի պատասխանել։
Հիշեցնենք, որ արդեն նախկին Սոցապ նախարար Մանե Թանդիլյանն առաջարկել էր գոնե մեկ տարով հետաձգել պարդաիր բաղադրիչի ընդունումը և հանրային քննարկումներ սկսել կուտակային համակարգը փոփոխելու մասին ուղղությամբ։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել էր, որ կուտակայինի մասին օրենքը Սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական էր համարվել։