Ազգային վիճակագրության ծառայությունը (ԱՎԾ) նորից դիմել է կեղծիքների, մի շարք մակրոտնտեսական թվեր չեն համընկնում։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրում է տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ ու ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ վերլուծելով 2017 թվականի ԱՎԾ տվյալները։
«Այսպես, անհասկանալի է 7,5% տնտեսական աճի պայմաններում 36 հազար մարդու արտագաղթը։ 2017-ի դեկտեմբերին գրանցվել է 240 հազար դրամ միջին աշխատավարձ, նույն թվում մասնավոր հատվածում՝ 278 հազար դրամ։ Ի՞նչու մարդիկ դա չեն նկատում։ Եվ ընդհանրապես, 2007-ի համեմատ միջին աշխատավարձն աճել է 220%-ով (3.2 անգամ) 48.2% գնաճի պայմաններում, ի՞նչու է 300 հազար մարդ լքել Հայաստանը։ Մի՞թե այդքան ապերախտ են լինում։ Կամ աշխատավարձի նման աճի պայմաններում՝ այդ ի՞նչու է աշխատավարձի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կտրուկ անկում ապրել»,֊հարցնում է Բագրատյանը։
Ըստ նրա, խեղաթյուրված է նաև ներդրումների մասին վիճակագրությունը։
Տարեվերջին Կառավարությունը հրապարակվեց, որ խոստացվածի համաձայն 856.5 մլն դոլար կամ 415.9 մլրդ դրամ ներդրումներ են արվել։ Բագրատյանը պնդում է, որ այս թիվը պայմանավորված է արդյունաբերական և շինարարական գների աճով։ Իրականում ներդրումներն ավելի պակաս են եղել, քան նախորդ 10 տարիներին։ Բացի դա, Կառավարությունը որպես «ներդրում» ներկայացնում է տարատեսակ ծրագրեր, օրինակ, շենքերի վերանորոգում, ինչը, ըստ տնտեսագետի, ներդրում չի կարող համարվել։ Այս ձևով ընդհանուրի նկատմամբ մոտ 300-350 մլն դոլարի «ներդրում» է հավելագրած։
«Նայենք թե հիմնական կապիտալի ի՞նչ ներդրումների հետ գործ ունենք։ Կառավարության նշված կայքում թվարկած է 58 ծրագիր։ Անդրադառնանք առաջին 12-ին։ 1. «Մանկատների և խնամքի կենտրոնների վերանորոգում և հիմնանորոգում» – 0,36 մլն դոլար։ Սխալ է։ Վերանորոգումը չի կարող ներդրում լինել։ 2. «Սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրեր»։ 2.8 մլն դոլար։ Ներդրումներ չկան։ 3. «Բժշկական կենտրոնների վերանորոգում, սարքավորումների ձեռքբերում և նոր ծառայությունների հիմնում»։ 24.4 մլն դոլար։ Ներդրումներ են միայն սարքավորումների ձեռք բերումը։ 4. «Նոր կառուցվող մարզային լաբորատորիաների ապահովում սարքավորումներով»։ 6.9 մլն դոլար։ Ներդրում է։ 5. «Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների փորձարկում ՔԿՀ պիլոտային ստորաբաժանումներում»։ 0.04 մլն դոլար։ Ներդրում է։ 6. «Քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումներ իրականացում»։ 2,4 մլն դոլար։ Ներդրում չէ։ 7. «Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծում»։ 0.09 մլն դոլար։ Պարզ չէ։ 8. «Աջակցություն Հայաստանի Կառավարությանը հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործում՝ ընդլայնելու օրենսդրական և կարգավորող դաշտը ազդարարների արդյունավետ պաշտպանության համակարգին աջակցելու նպատակով» դրամաշնորհային ծրագիր։ 0.04 մլն դոլար։ Ներդրում չէ։ 9. «Պահպանվող տարածքների աջակցման, ԲՀՊՏ-ների կարողությունների զարգացման ծրագրեր, «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագիր»։ 1.6 մլն դոլար։ Ներդրում չի երևում։ 10. «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիր»։ 1 մլն դոլար։ Ներդրում չի երևում։ 11. « Քաղաքային կանաչ լուսավորության ծրագիր»։ 0.5 մլն դոլար։ Ներդրում չի երևում։ 12. «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացումը և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների խնդիրների կարգավորման ծրագիր»։ 0.6 մլն դոլար։ Ներդրում չէ։ Այսպես շարունակ։ 40 մլն-ից հազիվ կեսը ներդրում լինի։ Այսպիսով, ընդհանուրի նկատմամբ մոտ 300-350 մլն դոլարի «ներդրում» է հավելագրած։
ԱՎԾ մյուս քայլը ՀՆԱ դեֆլյատորն է։ 2017-ի առաջին եռամսյակում դեֆլյատորը եղել է 1.2%, երկրորդում՝ 0.4%, երրորդում՝ -0.01% և չորրորդում՝ ….6,3%։ Հայտնի հնարք. նույն բանն ԱՎԾ-ն արել էր 2012-ին, երբ 7.2% տնտեսական աճ էր նկարել։ Այնպես որ ժողովուրդը ապերախտ չէ. եթե իրական աճ լիներ, մասսայաբար Հայաստանը չէր լքի»,֊ գրել է նա։