Home / Կրթություն / Դպրոցում տասնամյակներ շարունակ ստորացնում էին եզդի երեխաներին

Դպրոցում տասնամյակներ շարունակ ստորացնում էին եզդի երեխաներին

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի բնակիչները նամակով դիմել են կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին և պահանջում են դպրոցի տնօրենի հրաժարականը։ Նամակը հրապարակել է politik.am կայքը, որը տեղադրել է նաև տեսանյութը․

https://www.facebook.com/politikyou/videos/254148715233724/

Հարգելի պարոն նախարար,

Ձեզ են դիմում Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի մի խումբ բնակիչներ, ովքեր դժգոհ են գյուղի դպրոցում ստեղծված իրավիճակից: Արդեն 30 տարուց ավել է դպրոցը ղեկավարում է Լևոն Պողոսյանը: Նրա ղեկավարման տարիներին դպրոցի կրթական մակարդակը իջել է, դպրոցում գրեթե չկան մասնագետներ, որոնք իրենց պարտականությունների շրջանակում կաշխատեն մեր երեխաների հետ: Եթե ԽՍՀՄ տարիներին այս գյուղից բազմաթիվ ուսանողներ կային, ապա վերջին 30 տարիներին ոչ մի ուսանող դուրս չի եկել դպրոցից:

Դպրոցում հաճախ երեխաների հետ չի տարվում անհրաժեշտ աշխատանք, որպեսզի նրանք ներգրավվեն կրթական պրոցեսին, հաճախ ուսուցիչները անհարգալից վերաբերմունք են ցույց տալիս երեխաների նկատմամբ, վիրավորում նրանց արժանապատվությունը: Դասապրոցեսը կազմակերպվում է կիսատ, դասերը երբեմն բաց են թողնվում: Երեխաներին անվանում են դեբիլ, անգրագետ ու հայտարարում, որ եզդի են ու միևնույնն է նրանց սովորել պետք չէ, կան ուսուցիչներ, ովքեր շատ հաճախ խմած են գալիս դպրոց, դպրոցի տնօրենը և իր ընկեր ուսուցուչիները շատ հաճախ դպրոցում քեֆեր են կազմակերպում՝ երեխաների ներկայաությամբ ոգելից խմիչք օգտագործում: Մինչ թավշյա հեղափոխությունը մենք չէինք կարողանում խոսել այս խնդիրների մասին, քանի որ կարծում էինք, որ գյուղը եզդիաբնակ է ու մարզպետարանը և կառավարությունը ուշադրություն չէին դարձնի մեր խնդիրներին: Հեղափոխությունից հետո մեզ մոտ հույս է արթնացել, որ կկարողանանք մեր դպրոցի խնդիրների մասին խոսել ու ի վերջո կփոխվի դպրոցում իրավիճակը և մեր երեխաները որակյալ կրթություն կստանան:

Գյուղի բնակիչները այլևս չեն ցանկանում, որպեսզի դպրոցը ղեկավարեն մարդիկ, որոնք չեն ցանկանում կրթություն տալ մեր երեխաներին, որոնք երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում: Չնայած, որ  դպրոցում կան բարեխիղճ ուսուցիչներ ևս: Բայց ուսուցչական կազմի և տնօրենի փոփոխություն ենք պահանջում: