Home / Մեդիա / Իրավապահ մարմիններն առգրավել են Yerevan.today-ի համակարգիչները

Իրավապահ մարմիններն առգրավել են Yerevan.today-ի համակարգիչները

Yerevan.today-ի խմբագրությունում մոտ 7 ժամ տևած խուզարկությունից հետո՝ ոստիկանները և Քննչական կոմիտեի ծառայողները առգրավել են գրասենյակի համակարգիչների կոշտ սկավառակները։

Խմբագիրը Սևակ Հակոբյանը խուզարկությունից 10 րոպե անց լրագրողների հարցերին է պատասխանել և նշել, որ իրավապահ մարմիններն արձանագրել են, որ այն ինչ փնտրել են, չեն գտել։ Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում են ասուլիսով հանդես գալ։

Լրագրողների հարցին, թե ինչ կապ ունի 2-րդ նախագահը կայքի հետ, Հակոբյանը պատասխանել է, թե Ռոբերտ Քոչարյանը կայքի հետ կապ չունի, իսկ կայքի սեփականատերը Վարդան Հովնանյանն է։

Նշենք, որ Yerevan.today կայքը կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Այն գտնվում է Սարգսյան 26/1 հասցեում՝ Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի տարածքում։ Այդ կենտրոնում է գտնվում նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

Գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումից մեկ օր անց Քոչարյանը բացառիկ հարցազրույց էր տվել կայքին։

Հակոբյանը նշել է, որ ոստիկաններն իրենց բացատրել են խուզարկության պատճառը. նրանց վարկածով՝ կայքը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցությունը ավելի շուտ է տարածել, քան այն կհայտնվեր համացանցում։ Yerevan.today-ը հերքում է դա՝ նշելով, որ իրենք կայքում դրել են տեսանյութի տարածումից մեկ ժամ անց։ Իսկ թե ինչու է Google.com-ի հիշողության մեջ պահպանվել ավելի վաղ տեղադրված նյութի հղումը, Հակոբյանը պատասխանել է, թե Google-ի հետ կապված խնդիրներ կան։

Քննչական կոմիտեն, իր հերթին, պարզաբանել է, որ «խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։»