Աղբյուրը՝ meydan.tv
«Մահիցս հետո գերեզմանիս մի՛ այցելեք։ Մի՛ ասեք, որ սիրում եք ինձ, ուզում եք տեսնել ինձ, որ չպետք է այսպիսի բան լիներ, մի՛ ասեք, որ ուզում եք գրկել ինձ, համբուրել։ Այդ խոսքերն ինձ պետք էին կենդանությանս օրոք։ Ես ձեզ պետք չեմ։ Մի՛ այցելեք գերեզմանիս»։
Սրանք ապրիլի 4-ին՝ դասի ժամանակ, դպրոցական տետրի մեջ գրել է Բաքվի №162 դպրոցի աշակերտուհի Էլինա Հաջիևան։ Դրանից մի քանի րոպե անց նա 3 հարկի պատուհանից ցած է նետվել։ Ընդամենը 2 ամսից լրանում էր նրա 15 ամյակը։
Հսկող տեսախցիկների մեջ կադրեր են պահպանվել. նա դասարանում դասընկերների հետ իր նստարանին նստած է։ Բացում է տետրը, ինչ-որ բան է գրում (թե ինչ է գրում, դրա մասին ողբերգությունից հետո իմանում են բոլորը)։ Հետո գրկում է ուսապարկը և մի քանի րոպե այդ դիրքով նստում։
Դասամիջոցի զանգը տալիս է, Էլինան թողնում է ուսապարկը նստարանի վրա և դուրս գալիս դասարանից։ Քայլում է երկար և նեղ միջանցքով, ճանապարհի կեսին կանգ է առնում, կռանում, գուլպաներն ուղղում, նայում է դասարանի ուղղությամբ, հետո բարձրանում պատուհանագոգին և…Այդ պահին միջանցքում գտնվող դպրոցականները վազում են դեպի պատուհանը և ցած նայում։
2 օր անց Էլինան հիվանդանոցում մահանում է՝ ընկնելու արդյունքում ստացած վնասվածքներից։
Աղջկա թաղումից հետո մեզ հաջողվել է խոսել նրա մոր՝ Սևիլ Հուսեյնովայի հետ։ Ուսման 8 տարիների ընթացքում Էլինան ստիպված է եղել 3 դպրոց փոխել։ №162 դպրոց գնացել էր 5-րդ դասարանից։ Էլինայի տատիկի խոսքերով՝ թոռնիկն ինքը սկզբում չի կարողացել լեզու գտնել նոր դասընկերների հետ.
«Խնդիրներն այդ դպրոցում սկսվեցին հենց առաջին օրվանից։ Սկզբում դասընկերներից մեկը սկսեց ստորացնել և վիրավորել նրան։ Երբ Էլինան ինձ այդ մասին ասաց, ինքս գնացի դպրոցի տնօրենի մոտ։ Նա էլ ասաց՝ դե այդ երեխայի տատիկը մեր աշխատակիցներից է, և ոչ մի բան չենք կարող անել»։
Դրանից հետո, Էլինայի տատիկի խոսքով, մյուս դասընկերները կարծես թե Էլինայի դեմ դուրս եկան։ Աղջիկն ամեն օր տուն էր գալիս դժգոհ, խնդրում էր իրեն հետ տանել հին դպրոցը. «Լացում էր, ասում էր, որ չի ուզում այդ դպրոցը գնալ, որ դասընկերները հետը ընկերություն չեն անում»։ Հին դպրոց աղջկան չընդունեցին։
Ողբերգությունից մի քանի օր առաջ Էլինան դպրոց չէր գնացել, իսկ դրանից առաջ հաճախ էր դասերից փախնում, բայց տուն էլ չէր գնում, դրա համար էլ ծնողները դրա մասին չգիտեին։
«Մեզ ոչ մի անգամ դպրոցից չեն զանգել և ասել դրա մասին»,- պատմում է Սևիլ Հուսեյնովան։
Էլինայի հետ նույն դասարանում սովորում էր նրա զարմուհի Դիանան։ Հենց նա է մեզ պատմել համադասարանցիների բուլինգի մեթոդների և Էլինայի հետ հարաբերությունների մասին։
«Մի անգամ մեր դասընկերուհիներից մեկը հենց դասարանում բոլորի աչքի առաջ շշով ջուրը թափեց Էլինայի վրա։ Բոլորը սկսեցին ծիծաղել։ Նա սկսեղ լացել, բողոքեց դասղեկին, իսկ նա միայն ասաց՝ երևում է, որ ինքդ ես մեղավոր և վաստակել ես»։
Դիանան փորձում էր զարմուհուն պաշտպանել դասընկերների անընդհատ հարձակումներից։ Չէ՞ որ դա Էլինայի՝ ինքնասպանության առաջին փորձը չէր։
«11-րդ դասարանից մի տղա նրա հետույքին հարվածել էր, ու բոլորը ծիծաղում էին նրա վրա։ Նա ինձ այդ մասին ասաց, ես գնացի, որ այդ տղայի հետ հարցերը պարզեմ։ Իսկ Էլինան այդ ժամանակ ընկավ գետնին, սկսեց գոռալ և մազերը պոկել։ Ինքն իրեն խփում էր, իսկ մյուս աղջիկներն ուղղակի կանգնած ծիծաղում էին։ Անգամ չէին էլ փորձում իմանալ, թե ինչ է կատարվել։ Ուղղակի կանգնել ու ծիծաղում էին։ Հետո ինձ ասացին, որ Էլինան բարձրացել է 3-րդ հարկ և ուզում է իրեն պատուհանից ցած նետել։ Ես արագ 1-ին հարկից վազեցի 3-րդ հարկ, հասա այն պահին, երբ նա արդեն մեջքով կանգնել էր պատուհանին և բացել ձեռքերը։ Այդ ժամանակ ես հասցրի նրան ձեռքերիս մեջ առնել, դա առաջին անգամն էր։ Այդ ժամանակ ես նրան հարցրի՝ ի՞նչ ես անում։ Նա ասաց՝ չեմ ուզում ապրել»։
Ողբերգության օրը Էլինան զանգել է զարմուհուն և ասել, որ նրան կարևոր բան ունի ասելու։ Բայց այդ օր Դիանան դպրոց չէր գնացել, նա առաջարկել է հաջորդ օրը խոսել։ Բայց արդեն օրվա մեջ Դիանայի մայրն ասել է, որ Էլինան ընկել է պատուհանից։
«Դե ես միանգամից հասկացա, որ Էլինան ոչ թե պատահաբար է ընկել, այլ ցած է նետվել պատուհանից։ Նա հաճախ էր ասում, որ ուզում է կյանքին վերջ տալ։ Ասում էր, որ իրեն ոչ մեկը չի սիրում, բոլորը ստորացնում են»։
3-րդ հարկից ընկնելու արդյունքում ստացած վնասվածքներից հետո Էլինան 2 օր ապրեց։ Նա մահացավ ապրիլի 6-ին քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Ադրբեջանի առողջապահության նախարարության պաշտոնական վարկածի համաձայն՝ աղջկա մահվան պատճառը գանգի, որովայնի, կողերի, ողնաշարի և նստատեղի ոսկորների կոտրվածքներն են։
Դպրոցի միջադեպի մասին ծնողներին հայտնել են Բաքվի Սաբաիլի շրջանի ոստիկանության աշխատակիցները։ Նրանցից մեկը խոսել է դեռ կենդանի, ցավից գալարվող աղջկա հետ, և այդ ամենը նկարահանել։ Էլինայի մայրը մեզ ցույց տվեց տեսանյութը։ Ոստիկանի հարցին՝ ի՞նչ ես ուզում հիմա, Էլինան պատասխանել է. «Ոչ մի բան, միայն ուզում եմ, որ ինձ չթողնեք այս դպրոցում, ինձ վերադարձնենք հին դպրոց։ Ես միայն դա եմ ուզում, ուրիշ ոչինչ»։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։ Նախաքննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է դպրոցի տնօրեն պաշտոնավարումը։
Ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ «Բաքվի №162 դպրոցում տեղի ունեցածը գտնվում է նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հսկողության տակ»։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով զբաղվող պետական կոմիտեի նախագահ Հիջրան Հուսեյնովան։ Այս միջադեպի հետ կապված բոլոր պետական կառույցներին հատուկ հանձնարարություններ են տրվել։
Մահացած Էլինայի տատիկը՝ Սոլզամ Ասկերովան, պահանջում է, որ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են թոռնիկի մահվան հարցում, պատասխանատվության ենթարկվեն։
«Մենք բազմիցս դիմել ենք և՛ տնօրենին, և՛ դասղեկին։ Մեզ ոչ մեկը չէր լսում։ Եվ դրա համար խնդրում եմ պատժել նրանց օրենքի ողջ խստությամբ։ Ոչ թե մի դպրոցից հանել, մեկ այլ դպրոցում նշանակել։ Այնտեղ էլ ուրիշ երեխայի կյանքը կկործանեն»։