հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Սանասարյանը միակ ղեկավարն է, որ չի եղել կոռումպացված համակարգի մաս

Սանասարյանը միակ ղեկավարն է, որ չի եղել կոռումպացված համակարգի մաս

«Հարգելինե՛րս, կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ, և ես, հավանաբար, նորից կմիանամ պայքարի այս ճամփին։ Սակայն իմ հետ, թե առանց ինձ՝ մնացեք ձեր գործի նվիրյալը…»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական վերահսկողության ծառայության  պետ Դավիթ Սանասարյանը՝ դիմելով ՊՎԾ աշխատակիցներին։

«Գիտեմ, որ դժվարին ժամանակաշրջան է ու անհանգստացած եք կառույցի ու իմ անվան հետ կապված այս անցանկալի քրեական գործով։ Սակայն խնդրանքս է. երբեք չվարանեք, մի վայրկյան անգամ չմտածեք, որ ձեր արած գործն իզուր է. չմոռանաք, որ նաև ՊՎԾ-ի աշխատանքների արդյունավետությունից է կախված Նոր Հայաստանի հիմքերի ամրապնդումը։

Հիշեք, որ Դուք վարչապետի ներկայացուցիչներն եք պետական մարմիններում, արեք հնարավորինս, որ ձեր ներկայությամբ կանխարգելեք հնարավոր ապօրինությունները, արեք այնպես, որ առաջիկայում ՊՎԾ լիազորությունների իրացման անհրաժեշտությունը նվազի», – գրել է Սանասարյանը։

Սանասարյանին մեղադրում են իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները իր շահերից ելնելով չկատարելու հոդվածով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների կամ պետության օրինական շահերին։

Օրեր առաջ  «Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ  ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով անդրադարձել էր Սանասարյանի գործին.

«Հայաստանում կան օրինականության վերահսկման մի շարք մարմիններ՝ Ազգային անվտանգության ծառայություն,  Ոստիկանություն, Պետական եկամուտների կոմիտե, դրանց թվին է դասվում նաև Պետական վերահսկողության ծառայությունը։ Այդ բոլոր մարմիններից միայն մեկի՝ ՊՎԾ-ի ղեկավարն է հեղափոխական։ Այսինքն՝ ԱԱԾ-ի ղեկավար Վանեցյանը, Ոստիկանության ղեկավար Օսիպյանը, ՀՔԾ-ի ղեկավար Խաչատրյանը, ՊԵԿ ղեկավար Անանյանը, Դատախազության ղեկավար Դավթյանը և այլք, նրանք բոլորը եղել են համակարգում, որը եղել է կոռումպացված համակարգ։

Ամենայն հարգանաքով այդ մարդկանց նկատմամբ՝ նրանք բոլորն էլ եղել են այդ կոռումպացված համակարգի մաս։ Միակ մարմինը, որը ղեկավարվել է անձի կողմից, որ տարիներ շարունակ փողոցում պայքարել է կոռուպցիայի դեմ, որը կյանքի մի հատվածն այդ պայքարին է նվիրել, դա Դավիթ Սանասարյանն է։ Ես չեմ պնդում, որ նա անմեղ է, որ քրեական հետապնդման չպետք է ենթարկվի, եթե հանցագործություն է գործել, պետք է հետապնդման ենթարկվի խստագույնս։

Բայց ես բավականին լուրջ կասկածներ ունեմ, և շատ հանգամանքներ կան, որ ստիում են որոշ հարցրեր բարձրաձայնել։ Ո՞նց եղավ, որ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձը կալանավորվորումից ազատվեց և խափանման միջոցը փոխվեց, ո՞նց եղավ, որ այսպիսի բարձրաստիճան պաշտոնատար անձի դեմ, ինչպիսին Սանսարյանն է, քրեական գործը վարում է ոչ թե այն մարմինը, որը ստեղծված է բարձրաստիճան պաշտոնյաների դեմ քրեական գործեր վարելու համար, այսինքն՝ ՀՔԾ-ն, այլ վարում է ԱԱԾ-ն, որը այլ ֆունկցիաներ ունի՝ հետախուզական և հակահետախուզական։ Ո՞նց եղավ որ սկզբում՝ փետրվար ամսին, ԱԱԾ-ն այս գործով ասում էր, որ եղել են ծանր հետևանքներ, և գործը հարուցվել էր 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ հիմա Սանսարյանի նկատմամբ 308-րդ հոդվածի 1-ին մասով են գործ հարուցել, որը նշանակում է՝ ծանր հետևանքներ չեն եղել։ Ստացվում է , որ ԱԱԾ-ն ինքն իրեն հերքում է։

Սրանք էական կասկածներ են հարուցում և մտածել տալիս, որ Սանասարյանի դեմ հետապնդումը կոռուպցիոն համակարգի, որին փորձում են արմատախիլ անել, դիմադրությունն է։ Ես չեմ ասում, որ դա կոնկրետ Վանեցյանն է կամ այլ մարդ։ Բայց էական կասկածներ կան, որ կոռուպցիոն համակարգը դիմադրություն է ցույց տալիս։

Ի վերջո ԱԱԾ-ն միակ իրավապահ մարմինն է, որում կոռուպցիոն բացահայտումներ չեղան։ Ոստիկանությունում, ՀՔԾ-ում,  ՊԵԿ-ում եղան. ի՞նչ, ԱԱԾ-ում կոռուպցիա չի՞ եղել։ Այն ամենակոռումպացված համակարգն է եղել»։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։

«Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները», -մասնավորապես ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։