Մայիսի 8-ին Արարատի մարզում ռետինե խողովակով և փայտյա մահակով ծեծված և սպանված 30-ամյա Մարիամ Ասատրայանի դեպքի մասին իրավապահ համակարգը և տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացված են եղել դեռևս 2017 թվականից: Այս մասին հայտարարություն է տարածել «Կանանց աջակցման կենտրոն»-ը։
«Մինչև այսօր որևէ կանխարգելիչ և պատժիչ գործողություններ չեն իրականացվել, ինչի արդյունքում, ցավոք, մենք այսօր ունենք կնասպանության ևս մեկ դեպք: Նմանատիպ գործելաոճի արդյունքում՝ անգործության, անհետևողականության և անտարբերության պատճառով անխուսափելի կլինեն կնասպանության դեպքերը:
Դատապարտում ենք պետության կողմից նման գործելաոճը, և պահանջում ենք խիստ գործողություններ յուրաքանչյուր բռնության դեպքին», -նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր, որ 26-ամյա Հակոբ Օհանյանը մայիսի 8-ի երեկոյան Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ առարկաներով ծեծել է 30-ամյա իր վաղեմի ծանոթին, որը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։