Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման և գործի կասեցման դեմ վերաքննիչ բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը այսօր մերժեց միջնորդությունները իր ինքնաբացարկի մասին։
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի փաստաբանները, ինչպես նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։
Մարտի 1֊ի գործով փաստահավաք խմբի անդամ, այժմ՝ տուժողներից մեկի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը հիմնավորելիս նշել էր, որ դատավոր Արմեն Դանիելյանը ժամանակին նշանակվել է Քոչարյանի հրամանագրով, «ենթարկվել նրա գծած քաղաքական սխեմային», ներգրավված է եղել Մարտի 1֊ի գործով մի քանի դատավարությունների մեջ և վճիռներ կայացրել, որոնք, Սաֆարյանի գնահատմամբ, արդարացի չեն եղել:
Քոչարյանի կողմը կասկածներ ուներ դատավորի՝ էլեկտրոնային եղանակով նշանակման գործընթացի հետ կապված: Իքնաբացարկի միջնորդություն ներկայացնելիս, նրա պաշտպանները հայտնել էին նաև, որ միանում են Սեդա Սաֆարյանի միջնորդության եզրափակիչ մասին՝ համամիտ չլինելով դրա նկարագրական մասի հետ։ Դատավորին ինքնաբացարկ հայտնելու հորդորով հանդես էր եկել նաև մեղադրյալ Քոչարյանը։ «Եւս մեկ անգամ հորդորում եմ ձեզ, ձեր յախան թափ տվեք այս գործից, ֊ ասել էր նա՝ դիմելով դատավոր Դանիելյանին ֊ Լավ բան չի տարիների ընթացքում լինելով համակարգում՝ այսպիսի համբավ ձեռք բերելը: Այս գործը ձեր թափի գործը չի»։