21:30 – Երևան ՋԷԿ-ը և Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը արդեն միացված են ցանցին։ Բոլոր սպառիչների էլեկտրամատակարարումը վերականգնված է: Մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը ժամը 18:55-ից։ Ջրամատակարարման խնդիրը մնում է մասնակիորեն չլուծված։
Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը, հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության, սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։
«Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է», – ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունը նշում է, որ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, արդյունքերի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի։
Քիչ առաջ հայտարարություն տարածեց նաև Վիոլա ջուր ընկերությունը՝ տեղեկացնելով, որ էլեկտրամատակարարման համակարգում առաջացած խնդիրների պատճառով հնարավոր են նաև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ։
«Վերջին ժամերին Երեւանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի վրա առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի հետևանքով դադարեցվել է նաև Վեոլիա Ջուր ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը:
Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը տրվում է սպառողներին պոմպակայանների միջոցով, դա չէր կարող չանդրադառնալ նաև ջրամատակարարման կայունության վրա։
Վեոլիա Ջուրը ներկայումս ձեռնարկում է միջոցներ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման միջոցով նվազագույնի հասցնել սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք նաև, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դեռևս չեն վերականգնվել։
«Արդեն իսկ հայտարարություն է տարածվել, որ 19:00-ի սահմաններում հոսանքը ամբողջապես կվերականգնվի: Այս պահին հոսանք կա, բայց ոչ այն հաստատուն հոսանքը, որ մենք գնացքները հանենք գիծ, ռիսկի չենք կարող գնալ», – հայտնեց մետրոպոլիտենի տնօրեն Գևորգ Ավետիսյանը։ Նրա խոսքերով, դեռևս ստույգ հայտնի չէ՝ երբ մետրոպոլիտենը կվերականգնի աշխատանքները։
Ավետիսյանը նշեց, որ էլեկտրականության անջատվելու ժամանակ 2 գնացք է մնացել թունելում՝ մեկը «Հանրապետության հրապարակ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» ընկած միջակայքում, մյուսը՝ «Գործարանային» կայարանից «Շենգավիթ» ուղեհատվածում: Գնացքները թունելներում մնացել են 15-20 րոպե: