Հուլիսի 20-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆեյսբուքի իր էջում երկու հայտարարություն էր տարածել Հովտաշեն համայնքնում արագիլների անկման վերաբերյալ: Տեսչական մարմնի և Կենդանաբանական ինստիտուտի համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել էր, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքում կուտակված արագիլների փետուրները ծածկված են յուղի շերտով, ապա՝ քարացած փոշով: Խիստ յուղոտման և փոշոտման պատճառով արագիլների շուրջ 70 տոկոսը անընդունակ էին թռչել: Փետուրների զննման արդյունքում պարզվել էր, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ: Տեսչական մարմինը Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշատանքներ էր իրականացնում՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ուսումնասիրություններ էին իրականացվում նաեւ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով:
Տեսչական մարմնի կենսառեսուրսների բաժնից Epress.am-ին տեղեկացրեցին, որ հարակից գործարանների և արտադրամասերի ուսումնսաիրությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների կողմից յուղանյութի արտահոսք չի հայտնաբերվել: Արտահոսքի հավանական աղբյուրը ֆիզիկական անձ է: Յուղանյութից, ըստ ուսումնասիրությունների, տուժել են միայն արագիլները: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները մի խումբ կամավորների հետ համատեղ իրականացրել են արագիլների մաքրման աշխատանքներ: Այժմ համայնքի թռչունները լվացվել են, թռչելու անընդունակ արագիլ չի մնացել:
թարմացում [հուլիսի 24].
հուլիսի 24-ին «Հետք» ինտերնետային թերթը հոդված է հրապարակել՝«Հրազդան գետի աղտոտվածությունը սպառնում է ոչ միայն արագիլներին, այլեւ մարդկանց» վերնագրով, որով, ըստ էության, հերքում է Տեսչական մարմնի կողմից մեզ տրամադրված տեղեկություններն առ այն, որ արագիլների անկման խնդիրը կարելի է համարել լուծված, թռչունները լվացվել են, մաքրվել և այլևս ունակ են թռչելու, իսկ յուղանյութերի արտահոսքը՝ արագիլների յուղապատումից բացի ոչ մի այլ վտանգ չի պատճառել շրջակա միջավայրին, մեկանգամյա բնույթ է կրել և Հրազդանի ընթանուր վիճակի վրա ազդեցություն չի ունեցել: «Հետքի» հրապարակումը՝ այստեղ: