ԱՄՆ կառավարությունը օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի գործով պարտավորեցրել է «Ֆեյսբուք»-ին վճարել ռեկորդային չափի՝ 5 միլիարդ դոլարի տուգանք, հայտնում է The Washington Post-ը՝ հղվելով ԱՄՆ Դաշնային առևտրի հանձնաժողովին (FTC):
Դաշնային առևտրի հանձնաժողովը, որը զբաղվում է սպառողների իրավունքների պաշտպանությամբ, նաև պարտադրել է «Ֆեյսբուք» ընկերության տնօրենների խորհուրդին ստեղծել մարմին, որը կվերահսկի օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը: Մարմնի անդամները կնշանակվեն անկախ հանձնաժողովի կողմից: Նոր մեխանիզմը նախատեսված է օգտատերերի անձնական տվյալների հետ կապված որոշումների կայացմանը հետևելու և ընկերության կառավարիչներին պատասխանատվության ենթարկելու համար:
Դաշնային առևտրի հանձնաժողովի ձեռնարկած քայլերը կապված են երկու աղմկահարույց միջադեպերի հետ:
2018 թվականի սկզբին հայտնի դարձավ «Ֆեյսբուք»-ի շուրջ 90 միլիոն օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին, որը հավաքվել և օգտագործվել էր «Cambridge Analytica» ընկերության կողմից: «Cambridge Analytica» ընկերությունը, որը հիմնադրվել է հանրապետականներ Ռոբերտ և Ռեբեկա Մերսերների ֆինանսական օժանդակությամբ, Դաշնային ընտրական հանձնաժողովի բաց տվյալների համաձայն, Թրամփի նախընտրական շտաբից 2016 թվականին ստացել է մոտ 6 միլիոն դոլար՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում թիրախային գովազդի կազմակերպման համար:
Ընկերությունը «Սա ձեր թվային աշխարհն է» հավելվածի միջոցով ապօրինաբար «Ֆեյսբուք» սոցցանցի (ամերիկացի և բրիտանացի) օգտատերերի անձնական տվյալների ահռելի զանգված է ձեռք բերել, որը, ենթադրաբար, օգտագործվել է կետային թիրախավորմամբ գովազդի համար (օրինակ, դեմոկրատները կամ Բերնի Սանդերսի կողմնակիցները նախընտրական շրջանում «Ֆեյսբուք»-ում գովազդային հոդվածներ են ստացել, որոնք կոչ են անում բոյկոտել ընտրությունները և «փաստում», որ ընտրությունների բոյկոտը, այնուամենայնիվ, չի կարող նպաստել հանրապետական թեկնածու Թրամփի հաղթանակին: Կամ, օրինակ, սահմանամերձ տարածքների բնակիչները գովազդային նյութեր են ստացել հանրապետականների և Դոնալդ Թրամփի հակամիգրանտական կարգավորումների և սահմանամերձ տարածքները ճգնաժամից հանելուն ուղղված գործուն քայլերի մասին: Նույն սկզբունքը կիրառվել է մնացած բոլոր թիրախային խմբերի նկատմամբ՝ ըստ սոցիալական կարգավիճակի, հետաքրքրությունների, քաղաքական պատկանելիության և այլն): «Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հաստատել է արտահոսքի փաստը, ընդունել, որ իրեն պատկանող սոցիալական ցանցը լուրջ սխալներ է թույլ տվել «Cambridge Analytica»-ի հետ աշխատանքում և նախաձեռնել քայլեր՝ տվյալների հետագա օգտագործումը կանխելու ուղղությամբ, ինչը, սակայն, իրավիճակը շտկելու համար բավարար միջոց լինել այլևս չէր կարող:
Տուգանքի հետ կապվող երկրորդ միջադեպը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի աշխատակիցները «պատահաբար», առանց օգտատերերի իմացության և համաձայնության, ներբեռնել էին շուրջ 1,5 միլիոն օգտատերերի էլ. փոստերի գաղտաբառերը: Հետագայում «Ֆեյսբուք»-ը խոսք էր տվել ջնջել այդ տեղեկատվությունը: Արտահոսքի մասին հերթական լուրը՝ գումարվելով «Cambridge Analytica»-ի հետ կապված սկանդալին, հանգեցրեց, նախ, «Ֆեյսբուք»-ի նկատմամբ վստահության հերթական ճգնաժամի, ապա՝ իրավական հետևանքների: