Home / Ազգային ժողով / «Իմ քայլը»-ի պատգամավորը վայր է դնում մանդատը

«Իմ քայլը»-ի պատգամավորը վայր է դնում մանդատը

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից՝ այդ մասին գրառում կատարելով ֆեյսբուքի էջում:

«Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ:

Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, հատկապես` հարազատ, ում համար իմ այս քայլը հիասթափության կամ այլ բացասական զգացողությունների տեղիք կտա: Համոզված եմ, որ այս վաղ փուլում դա չանելու պարագայում զղջալու բազմաթիվ առիթներ են լինելու ապագայում` նորից պայմանավորված վերը նշված հանգամանքով:

Հատուկ ևս մեկ անգամ շեշտում եմ, որ սա անձնական որոշում է` դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որևէ այլ գործընթացի դեմ, թեև ժամանակային առումով գուցե համընկնում է դրանց հետ:

Սա որևէ կերպ քայլ չէ ընդդեմ «Իմ քայլ»-ի, որի մի մասնիկը լինելու պատիվն եմ ունեցել վերջին ամիսներին: Հայտնի ուժերին և նրանց խամաճիկներին խորհուրդ եմ տալիս անտեղի չոգևորվել, քանի որ դրա հիմքերը ուղղակի չկան», – գրել է Առաքելյանը՝ ընդգծելով, որ շարունակելու է սատարել «հեղափոխական թիմին»:

Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավորներից Էդգար Առաքելյանն առաջիններից էր, ով դիրքորոշում էր հայտնել Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։ Օգոստոսի 17֊ին՝ ԷԼԱՐԴ ընկերության կողմից Քննչական կոմիտեի պատվերով իրականացրած փորձաքննության հրապարակումից երեք օր անց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չէր հայտնել իր դիրքորոշում, Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․

«2 շատ արագ հարց ՔՊ վարչության այն հարգարժան ընկերներին, ովքեր պնդում են, որ Լիդիանի առաջ կանաչ լույս վառելով` իշխանությունն ընդամենը իր իսկ հայտարարության տրամաբանությունն է ի կատար ածում․

1) Արդյոք կազմակերպությունը, որն ընտրվել էր նախորդ տարվա աշնանը, համապատասխանում է «անառարկելի հեղինակություն ունեցող» սահմանամանը, էլ չենք խոսում նրա մասին, թե արդյոք այն միջազգային է, թե պարզապես օտարերկրյա:
2) Արդյոք դուք բոլորդ կարդացել եք այդ եզրակացությունը (այլ ոչ թե հիմնվել այլոց` հիմնականում չկարդացածների պնդումների վրա) և համոզվել, որ «Սևանի համար, Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար» հանքի շահագործումն անվտանգ է:

<…>Նույնիսկ այս պահին չեմ ուզում քննարկել` արդյոք քննիչը կամ քննիչների խումբը «Էլարդ»-ի եզրակացությունը կարդացել և ճիշտ են հասկացել կամ արդյոք նրանք են այդ «մասնագետները», ում մեկնաբանությանը մենք անվերապահ պետք է վստահենք այս անչափ կարևոր հարցում քաղաքական որոշում կայացնելիս: Հարցն այստեղ լրիվ այլ է. արդյո՞ք այն փաստը, որ «Լիդիան»-ի գործողություններում հանցակազմ չկա, ավտոմատ նշանակում է, որ հանքը կարելի է շահագործել և հագիստ լինել հետևանքների համար»։