Home / Ազգային ժողով / Հեղափոխությունը փրկելու համար Բաբաջանյանը դուրս եկավ Լուսավոր Հայաստանից

Հեղափոխությունը փրկելու համար Բաբաջանյանը դուրս եկավ Լուսավոր Հայաստանից

1in.am լրատվական կայքի նախկին խմբագիր, այժմ՝ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը այսօր հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշման մասին:

«2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանում առաջացրեց միանգամայն նոր իրավիճակ պետության ու հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ավելի քան երկու տասնամյակ երկրում գործած ավտորիտար իշխանությանը փոխարինելու եկավ ժողովրդի աննախադեպ բարձր վստահությունը վայելող, ամբողջությամբ ժողովրդավարական իշխանություն», – ֆեյսբուքի իր էջում հրապարակած հայտարարության «նախաբանում» գրում է Բաբաջանյանը՝ շարունակելով․ «Թավշյա հեղափոխության հիմքում ընկած էր առաջին հերթին նախորդ ավտորիտար համակարգի դեմ պայքարն ու որպես դրա հետևանք՝ ժողովրդավարության, հիմնարար իրավունքների ու ազատությունների հաղթանակը: Հեղափոխությունը՝ որպես ակտ, լուծեց այդ խնդիրը: Դրան, սակայն, պետք է հաջորդեր պետության ու հասարակական կյանքի բովանդակության փոփոխությունը ․․․ անհրաժեշտ էր առաջին հերթին քաղաքական համակարգի, քաղաքական կյանքի ու հարաբերությունների վերափոխում ու հեղափոխականացում: 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես նշեցի, այդ խնդիրը լուծեցին միայն նոմինալ առումով․․․ Ընտրություններին հաջորդած ամիսները, սակայն, ցույց տվեցին, որ նոր խորհրդարանը նոր է միայն ֆորմալ առումով, այն ամբողջությամբ կտրված է նոր Հայաստանի օրակարգից, նոր Հայաստանի իրողություններից ու մարտահրավերներից»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին անդամը խմբակցությունից դուրս գալու մասին իր հայտարարությունը շարունակում է «Իմ քայլը» խմբակցության քննադատությամբ․

«Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պետության ու հասարակության համար նշանային մի քանի իրադարձություններում (Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ, Ամուլսարի խնդիր, Ստամբուլյան կոնվենցիա և այլն) ցույց տվեց իր կատարյալ անգործունակությունն ու անհամարժեքությունը: Նշված և մի շարք այլ խնդիրների ինստիտուցիոնալ, համակարգային պատճառը հենց խորհրդարանական իշխող խմբակցության ոչ համարժեք վարքագիծն է ու այսօրվա քաղաքական իրողություններին ու մարտահրավերներին անհաղորդ լինելու իրողությունը»։

Խորհրդարանական մեծամասնությանն ուղղված քննադատությունը, ճիշտ է, այնուհետև Բաբաջանյանը տարածում է նաև ընդդիմության վրա, որի մասն է(ր) կազմում նաև ինքը․

«Նույն այս և էլի մի շարք խնդիրներում կատարյալ անհամարժեք վարքագիծ է դրսևորել նաև խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» ու «Լուսավոր Հայաստանի»: Մենք ընդդիմության կողմից չենք տեսել ստեղծարարություն, նախաձեռնողականություն ու նորարարություն: Ընդդիմությունը ձախողել է իշխանությունից ավելի լավը լինելու, ապագայի հույսի իր առաքելությունը, ինչպես որ ձախողել է իշխանությանն այլընտրանք լինելու իր կարևորագույն դերակատարության հարցում: Արդյունքում խորհրդարանական կառավարմամբ երկրում մենք ունենք ոչ համարժեք խորհրդարանական իշխանություն և նույնքան ոչ համարժեք խորհրդարանական ընդդիմություն: Այսինքն՝ պառլամենտական կառավարմամբ պետությունն ապրում է փաստացի անգործունակ խորհրդարանով՝ դրանից բխող բոլոր տեսանելի, բայց որ ավելի վտանգավոր է՝ առաջին հայացքից անտեսանելի ու ճգնաժամերի ներուժ ունեցող հետևանքներով,» – նշում է Բաբաջանյանը՝ ընդգծելով՝  այդ իրավիճակի հետևանքն է «այն իրողությունը, որ այսօր գործող իշխանությանն այլընտրանքի հայտ են ներկայացնում նախկին հանցավոր համակարգի ներկայացուցիչները՝ ի դեմս նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի»

Հայտարարության հաջորդ ենթաբաժնում ՝վերնագրված «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԻՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», պատգամավորը անդրադարձ է կատարում Թավշյա հեղափոխության օրակարգի «անհամարժեքությանն ու անհամապատասխանությանը» արտաքին քաղաքականությանը․

«Հայաստանի գործող իշխանությունը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձեր չեն լինելու: Անցած մեկուկես տարիները ցույց են տվել, որ իսկապես շրջադարձեր չեն եղել: Շրջադարձեր չկատարելը, սակայն, չպետք է ենթադրեր, որ արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի լինելու: Մինչդեռ իրականությունը վկայում է հենց դրա մասին: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը վարում է նույն արտաքին քաղաքականությունը, որը վարվում էր Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի կողմից, – գրում է պատգամավորը: – Հանուն արդարության պետք է նշել, սակայն, որ այս հարցում գործադիր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը չունի որևէ քաղաքական աջակցություն քաղաքական համակարգի մասնակիցների կողմից: Խորհրդարանական քաղաքական ուժերը սեթևեթում են ռուսական շրջանակների հետ, իսկ արտախորհրդարանական միավորները առանց թաքցնելու ստանձնել են հինգերորդ շարասյան դերակատարում»։

Հայտարարության վերջին ենթաբաժնում՝ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», Բաբաջանյանը հայտարարում է․

«Բոլոր բացասական երանգներով հանդերձ՝ իրավիճակը հոռետեսական չէ և ոչ էլ, առավել ևս, փակուղային: Թավշյա հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից մեկը իրավագիտակից քաղաքացիների արթնացումն է թմբիրից, ինչի արդյունքում հասարակությունը, որքան էլ հակառակը պնդեն, դարձել է սուբյեկտ ու գոնե անուղղակի ազդեցություն ունի որոշումների կայացման գործընթացում: <․․․> Ու եթե անգամ նվազում է իշխանության վարկանիշը, ապա պայմանականորեն ասած՝ հեղափոխության վարկանիշը մնում է անփոփոխ. Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը հավատում է հեղափոխությանն ու նրա արժեքներին, և մեր բոլորի խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որ որևէ պարագայում այդ հավատը արժեզրկվի: Հետևաբար մեր խնդիրն է ստեղծել համապատասխան միջավայր և ձևաչափեր առաջին հերթին հանրության իրավագիտակից հատվածի միախմբման համար: <…>

Ժամանակը հասունացնելու է այդ տրամադրություններին քաղաքական ձևակերպումներ տալու անհրաժեշտությունը: Որովհետև եթե խորհրդարանը փաստացի անգործունակ է, ապա խորհրդարանից դուրս կան զգալի թվով անհատներ ու խմբեր, որոնք կարող են ձևավորել հեղափոխությանը համապատասխանող քաղաքական օրակարգ, և որոնք կարող են, պատկերավոր ասած, փրկել հեղափոխությունը: Թավշյա հեղափոխությունը տակավին ավարտված չէ, և բոլոր նրանք, ովքեր դեռևս հավատում են հեղափոխության արժեքներին, կարող են և պարտավոր են համախմբվել հեղափոխության ընթացքի, շարունակության ապահովման գաղափարի շուրջը,» ― գրում է պատգամավորը՝ ամփոփելով․ 

«Վերը նշված պատճառներն ու գործոնները այլևս անհամատեղելի են դարձնում ինձ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, ինչը, ցավոք, ինձ ստիպել է խմբակցությունից դուրս գալու դժվարին որոշում կայացնել: Այդ մասին կհայտարարեմ Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի մեկնարկին: Առաջիկայում կտեղեկացնեմ նաև՝ արդյոք հրաժարվո՞ւմ եմ նաև պատգամավորական մանդատից, թե՞ քաղաքական ակտիվ գործունեությունս շարունակում եմ անկախ պատգամավորի կարգավիճակում»:

Բաբաջանյանի հայտարարությունից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Վերջինս կոչ է արել պատգամավորին «վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը»։